Այսօր Բաքվում ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, նրանցից 2-ը՝ Հրաչ Ավագյանը և Գեղամ Սերոբյանը, դատապարտվել են 4 տարվա, 12-ը՝ 6 ամսվա ազատազրկման:
Ադրբեջանական լրատվամիջոցի վկայությամբ՝ նախ դատախազությունն է անսպասելիորեն հանել բոլոր ծանր մեղադրանքները և թողել միայն պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանքը: Ըստ այդմ՝ մեղադրողը պահանջել է Սերոբյանին և Ավագյանին դատապարտել 5, մյուսներին՝ 2 տարվա ազատազրկման: Դատախազը չի պարզաբանել մեղադրանքի մեղմացման պատճառները: Այնուհետև, շարունակում է «Թուրան»-ը, արդեն դատարանն է «զարմացրել ընդունած վճռով»:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից գերեվարված հայ զինծառայողները մեղադրվում էին «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։ Հայկական կողմը շեշտում է, որ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է:
Լրագրողներին այսօրվա դատական նիստին ներկա գտնվել չեն թույլատրել:
«Թուրան»-ը հիշեցնում է, որ հայ զինծառայողները կալանքի տակ են արդեն կես տարուց ավելի, և նշում, որ հետևաբար՝ նրանցից 12-ին պետք է ազատ արձակեին արդեն դատարանի դահլիճից: Ադրբեջանական լրատվամիջոցը հավանական է համարում, որ նրանց մոտ ապագայում կհանձնեն Հայաստանին: «Չի բացառվում, որ տեղի կունենա ականապատման քարտեզների հերթական փոխանակումը գերիների հերթական խմբի հետ», - նշում է «Թուրան»-ը: