Մատչելիության հղումներ

Բաքվի դատարաններում արտառոց ցուցմունքներ են հնչում հայ ռազմագերիների դեմ


Հայ ռազմագերին է հրահանգավորել ադրբեջանցի Ազեր Ասլանովին, որ վերջինս պայթեցնի Բաքվի մետրոն 94 թվականին. Բաքվի Յասամալի շրջանային դատարանում այսօր էլ արտառոց ցուցմունքներ են հնչել:

44-օրյա պատերազմի ժամանակ, ընդ որում տարբեր ժամկետներում ու տարբեր վայրերից գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու համար և Բաքվում այդ խոշտանգվածները գտնվել ու այժմ էլ ցուցմունքներ են տալիս դատարանում: Հայ ռազմագերիներն, ըստ պաշտոնական Բաքվի, դիվերսանտ-ահաբեկիչներ են: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Խծաբերդում ու Հին թաղերում գերեվարված շիրակիցի պահեստազորայինները՝ բոլոր 53-ը այժմ մեղադրյալներ են ու ցուցմունքներ են տալիս:

Տղաներից մեկն այսօր դատարանում պատմել է. «Մեզ զինկոմիսարիատում զինեցին, ինքնաձիգ տվեցին, գիշերը հասանք Լաչին, քնեցինք ավտոբուսում, հետո 40-45 րոպե գնացինք Ուրալով, լեռնային հատվածում կանգ առանք, մեր հրամանատար Արսեն Ղազարյանն ասաց՝ մեր խնդիրը տարածքին հետևելն է»:

Հիշեցնենք՝ Շիրակի պահեստազորայինները տարվել են Խծաբերդի ու Հին Թաղերի հատված նոյեմբերի վերջին, եռակողմ հայտարարությունից հետո՝ երկու գյուղերն էլ հայկական հսկողության տակ էին. ինչպես են գերեվարվել, ինչպես են այդ գյուղերն անցել ադրբեջանական հսկողության տակ՝ այս հարցերի պատասխանը չկա ոչ միայն Բաքվի դատարանում, նաև Հայաստանում:

Խծաբերդից գերեվարված տղաներն այժմ մեղադրվում են ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար։ Նրանց մինչև 20 տարի, ընդհուպ ցմահ ազատազրկման ժամկետներ են սպառնում: Հայ իրավապաշտպանները, միջազգային իրավունքի մասնագետները այս դատավարությունները ի սկզբանե համարել են հորինված մեղադրանքներով շինծու թատրոն:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ 40 փաստաբանների հետ պատրաստվում է դիմել Ադրբեջանի իրավասու մարմիններին, միջազգային կառույցներին, որպեսզի թույլ տան հայ փաստաբաններին մեկնել Բաքու ու իրավական օգնություն ցույց տան հայ ռազմագերիներին:

«Մենք պատրաստակամության հայտնեցինք փաստաբաններով մեկնել Բաքու և մեր հայրենակիցների հետ տեսակցություն փորձել ստանալ հետևյալ ձևաչափով՝ մենք ներգրավվում ենք այդ գործընթացի մեջ որպես միջազգային իրավունքի նորմերի մասով խորհրդատվություն տրամադրող մեր հայրենակիցներին, հայ ռազմագերիներին», - ներկայացրեց Փաստաբանների պալատի նախագահը:

Ըստ Զոհրաբյանի՝ խոսքը դատարանում հայ գերիների պաշտպանությունն ստանձնելու մասին չէ, այլ փաստահավաք այցի և իրավական օժանդակության, որ կարող է օգտակար լինել Ստրասբուրգի դատարանում քննվող գործերի շրջանակում. «Օրինակ՝ կոնվենցիայով երաշխավորված իրավունք ունեն խոշտանգումներից զերծ մնալու, մենք պետք է, օրինակ, ստուգենք՝ իրենց այդ իրավունքը պաշտպանված է, թե ոչ»:​

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի կարծիքով՝ հայ փաստաբանների մասնակցությունը լեգիտիմ կդարձնի այդ աբսուրդային դատերը. «Եթե ասում ես՝ սա շինծու դատավարություն է և ուղարկում ես այնտեղ փաստաբան, դա կարող է բերել նրան, որ դու ընդունում ես, որ սա նորմալ դատ է»:​

Զոհրաբյանը շեշտում է՝ խոսքը դատական պրոցեսին մասնակցելու մասին չէ, Ադրբեջանի օրենսդրությունն էլ դա թույլ չի տալիս:

Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանից վերադարձած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանական ամբիոնից փոխանցեց այն, ինչ լսել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեյիդովից:

«Գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար, Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ»​, - ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատվիրակության մյուս անդամներն ասում են՝ Ստրասբուրգում ադրբեջանցի պատվիրակներից այդպիսի բան չեն լսել, ընդհանուր առմամբ, տպավորություն ունեն, որ եվրոպացի գործընկերներն էլ այն կարծիքին են, որ ռազմագերիների հարցը սակարկման ենթակա չէ:

«Երբ որ խոսքը գնում էր ռազմագերիների վերադարձի մասին, ապա օգտագործվում է մի բառ՝ անհապաղ, հենց հիմա, առանց պայմանների և հիմա», - ասաց պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Քննչական կոմիտեի տվյալով Ադրբեջանում 106 ենթադրյալ գերիներ կան, Բաքուն հաստատել է նրանցից 60-ին միայն. 53-ը Խծաբերդի գերեվարված պահեստազորայիններն են, որ հիմա Բաքվի դատարանում մեղադրյալներ են դարձել:

XS
SM
MD
LG