44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Ալյոշա Խոսրովյանի ընտանիքում հեռվից հեռու հետևում են Ադրբեջանում ընթացող դատավարությանը՝ չկորցնելով հույսը, որ ընտանիքի հայրը օր առաջ տուն կվերադառնա։
26-ամյա կինը՝ Սվետլանա Ղուկասյանն այժմ միայնակ է մեծացնում երեք անչափահաս տղաներին։ Պատերազմից առաջ ամուսինը Կապանի «Պլաստշին» ընկերությունում էր աշխատում, հոգում ընտանիքի հոգսերը։
«Երեքն էլ անչափահաս են, մեկը երկրորդ դասարան է, մեկը սեպտեմբերի 1-ից մանկապարտեզ պիտի գնա, մյուսն էլ մանկապարտեզի երեխա է», - ասաց Խոսրովյանի կինը՝ շարունակելով, - «մի կերպ պահում եմ, յոլա տանելով: Ես չեմ աշխատում, քանի որ երեխաներիս պահող չունեմ, իմ մայրիկն է ինձ օգնում»:
Ադրբեջանի դատախազությունը 54-ամյա Ալյոշա Խոսրովյանին մեղադրում է արցախյան առաջին պատերազմի տարիներին 5 ադրբեջանցի գերիների հետ դաժան և անմարդկային վարվելու համար։ Իսկ Վայոց ձորի բնակիչ 51-ամյա Լյուդվիգ Մկրտչյանին՝ նույն ժամանակաշրջանում գերեվարված 11 գերիներին խոշտանգելու համար։ Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020-ի հոկտեմբերին 20-ին Ֆիզուլիի շրջանից։ Իսկ Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին։
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության` «նրանք միասին կատարել են ծանր հանցագործություններ»։ Ադրբեջանում այսօր շարունակվել է նրանց դատավարությունը։ Մինչ Բաքուն դատում է հայ ռազմագերիներին, հայկական կողմում պնդում են՝ Ադրբեջանի իրավապահների ներկայացրած մեղադրանքը շինծու է։
«Ակնհայտ անօրինական, շինծու քրեական գործեր են, բոլորն էլ քաջ գիտակցում են, որ դրանք շինծու քրեական գործեր են: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն էլ է դա լավ պատկերացնում ու տեսնում»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատի նախագահն ու նրա մոտ 40 գործընկերը ցանկություն են հայտնել մեկնել Բաքու՝ ոչ միայն փաստահավաք գործունեության, այլ ռազմագերիներին իրավական աջակցություն ցուցաբերելու համար։
«Եթե Ադրբեջանը թույլ չտվեց, բնականաբար, սա իրենց վարկանիշի համար լուրջ խնդիր կստեղծի, որովհետև կստացվի, որ այդ իրավունքի պաշտպանության մինիմումը չի թույլատրվում: Այսինքն մենք գնում ենք ստուգենք՝ արդյոք այդ միջազգային իրավունքի նորմերը պահպանված են մեր ռազմագերիների մասով, թե ոչ: Դրա մեջ մտնում է նաև իրենց տեսակցելը, իրենց հետ առանձնազրույց ունենալը և որոշակի պայմաններին ծանոթանալը և դա փաստաթղթավորել ու ներկայացնել այստեղ պետությանը, որպեսզի ՄԻԵԴ-ում օգտագործվի: Հիմա եթե Ադրբեջանը մեզ թույլ չտվեց, մեր պետությունը հանգիստ կարող է ՄԻԵԴ-ում ասել, որ տեսեք Ադրբեջանը ոչ կառուցողական է այս հարցում տրամադրված: Սա, կարծում եմ, Եվրոպական դատարանը հաշվի կառնի», - ասաց Զոհրաբյանը:
Այս պահին փաստաբանները զբաղված են ռազմագերիների հարազատներից լիազորագրեր, ինչպես նաև կառավարության աջակցությունը ստանալու հարցերով։ Հետո կանցնեն որոշակի վերապատրաստման և կսպասեն Բաքվի թույլտվությանը։
«Մենք կարդացինք, որ Ադրբեջանի փաստաբանների պալատի նախագահն է չոր արտահայտվել, ասել է, որ իրենք մեր օրենքը չգիտեն, մեր օրենքով դա արգելված է: Իրենց օրենքով այլ երկրի փաստաբանը իրավունք չունի քրեադատավարական գործընթացի մեջ մտնի, դատավարության մեջ, եթե միջազգային պայմանագրով դա նախատեսված չէ, այդ մասով ճիշտ են ասում, բայց նույն իրենց օրենքով թույլատրված է խորհրդատվական մասով իրավաբանական օգնության տրամադրումը, եթե դա վերաբերում է միջազգային իրավունքի նորմերին», - ընդգծեց Փաստաբանների պալատի նախագահը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի տվյալներով, Ադրբեջանն այս պահին հաստատում է, որ իր տարածքում 45 հայ ռազմագերի կա։ Նրանց մեծ մասը անցնում են դատարաններով։ 38 դատվողները գերեվարվել են պատերազմի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի տարածքից։ Միջազգային իրավունքի մասնագետ Գրիգոր Չոբանյանը պնդում է՝ հայ ռազմագերների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են, ինչը ընդդեմ Ադրբեջանի դիմումի քննության ժամանակ կարող է հաստատել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։
«Այս քրեական գործերը, ամբողջ դատավարության ընթացքը, այն հանգամանքը, որ, օրինակ, պաշտոնական Բաքուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տեղեկատվություն էլ չի տրամադրում քրեական գործերի վերաբերյալ վկայում է այն մասին, որ խոսքն անգամ չի կարող լինել ո՛չ արդար դատաքննության մասին, ո՛չ հիմնավորված քրեական գործերի մասին», - ասաց Չոբանյանը:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները նաև հաղորդեցին, որ դատարանի առջև է կանգնել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովը, որը մեղադրվում է Արցախում ռազմական վարժանքների մասնակցելու, ահաբեկչության, հանցավոր խմբավորմանը մասնակցելու համար։ Ադրբեջանի դատախազությունը պնդում է, թե Ռուսաստանի քաղաքացին հայկական «ՈՄԱ»՝ ողջ մնալու արվեստը հետախուզադիվերսիոն խմբի անդամ է։