Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից հետո որոշել էին այսօր առավոտյան Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանից պարզաբանում պահանջել՝ ինչո՞ւ ռուսական կողմը քայլեր չի ձեռնարկում գերիների վերադարձի ուղղությամբ:
«Հստակ մենք մեր պահանջը ներկայացնում ենք, որ ռուսական կողմը իր իրավազորությունները կատարի հստակ, ստանձնել է պարտավորություն, չի կարող, թող ասի` որ չի կարող, դուրս գա», - ասաց նրանցից մեկը, մյուսը հավելեց. «Ռուսի քթի տակից են տարել, թող բերեն մեր երեխեքին:
Խաղաղապահն ինչի՞ համար էր կանգնած, իրենք լավ էլ գիտեին, ով որտեղ կանգնած էր, այնտեղ պիտի կանգներ»:
44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդում 62 շիրակցի պայմանագրային էր գերեվարվել։ Անցած շուրջ մեկուկես տարում Բաքուն նրանց կեսին վերադարձրել է, կեսն էլ դեռ մնում են ադրբեջանական բանտերում։ Վարչապետ Փաշինյանը, պատասխանելով հարազատներից մեկի հարցին, սլաքները ռուս խաղաղապահների կողմն էր ուղղել։
«Այդ տարածքը, և այն ժամանակ, ես հիշում եմ, որ նախ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ եմ մի քանի անգամ այս թեման քննարկել, ընդհուպ Ռուսաստանի նախագահի հետ եմ այս թեման մի քանի անգամ քննարկել, այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին էր: Հետո դուք այդ ժամանակաշրջանում կհիշեք, որ մի քանի անգամ, երբ որ նրանք քարտեզներ էին հրապարակում, մի քանի անգամ ընդգրկվեց, հետո հանվեց, հետո ընդգրկվեց, հետո հանվեց, ինչն անհասկանալի էր», - ասուլիսին ասել էր Փաշինյանը:
Գերիների հարազատները պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները խաղաղության օրակարգի շուրջ բանակցելուց առաջ նախ գերիներին վերադարձնեն, նոր սահմանազատման ու խաղաղության հարցեր քննարկեն. «Ոչ մի դեմարկացիա, ոչ մի խախտում, մեր երեխեքին բերեն, դրանից հետո ինչ անում են` անեն: Եթե մեր երեխեքը այնտեղ են, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ խաղաղություն, մինչև երեխեքը չգան, ոչ մի խաղաղություն: Ես անձամբ մեր վերևներին էլ, կառավարությանն էլ եմ ասել` հեչ բան թող չենեն, մինչև մեր երեխեքին չտան, հեչ մի բան չանեն»:
Մինչ օրս միայն Կարմիչ խաչի օժանդակությամբ, այն էլ լավագույն դեպքում ամիսը մեկ տղաներից լուր ստացող ծնողները անհանգիստ են նրանց առողջության համար։ Միայն մեկ բան գիտեն՝ մինչ օրս պահվում են Բաքվի բանտերում. «Ամեն վիդեո նայելուց օր օրի փոխվում են այդ երեխեքը, ոսկորն ու կաշին են մնացել, ծերացած»:
Բողոքի ցույցից որոշ ժամանակ անց Ռուսաստանի հյուպատոսության ներկայացուցիչը դուրս եկավ ու փորձեց հասկանալ, թե գերիների հարազատները ինչ հարցով են ուզում հանդիպել հյուպատոսին:
Ավելի ուշ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովն ընդունել է գերիների հարազատներին: Թե կոնոկրետ ինչ են պայմանավորվել, հարազատները չեն ասում: Հյուպատոսարանից ևս «Ազատության» զանգերն անպատասխան թողեցին: