Մատչելիության հղումներ

Արցախի Հին Թաղերում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է


Արցախի Հին Թաղեր գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է, այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն (ՔԿ)։

Հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ «Ջ.Մ.-ն, զբաղեցնելով հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը և հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, 2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի թվով 12 մարտական դիրքերի անվտանգությունը, սակայն 2020-ի դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է պաշտոնեական անփութություն, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ` Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, վերջինիս ենթակայության ներքո գտնվող թիվ N մարտական դիրքում տեղակայված անձնակազմի զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, որից ինը զինծառայողներ զոհվել են, երկուսը՝ գերեվարվել»:

Հրամանատարին դեռևս ապրիլի 30-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով` «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ», և միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մայիսի 1-ի որոշմամբ մերժվել էր։

Քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից նշված որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որը գործն ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Երևանի դատարանը երեկ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ջ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է։

XS
SM
MD
LG