Մատչելիության հղումներ

Ապրիլի 13-ին վարչապետը ԱԺ-ում հանցագործության մասին ինքնախոստովական ցուցմունք է տվել. զոհված զինծառայողի մայր


Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Դատախազության շենքի դիմաց։
Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Դատախազության շենքի դիմաց։

Պատերազմում իրենց որդիներին կորցրած մի քանի տասնյակ ծնողներ այսօր հաղորդում ներկայացրեցին Գլխավոր դատախազություն։

«Մեր տղաները դավաճանության զոհ են եղել, և թող բոլորը պատասխան տան։ Հինգ հրամանատար են եղեն, այդ հինգ հրամանատարից բռնացրած, երկրի ղեկավարի հետ միասին», - ասում է Ստեփանակերտի զորամասերից մեկի՝ Ցորի հրետանային դիվիզիոնի ժամկետային զինծառայող, 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի մայրը՝ Անուշ Մելիքյանը։

Գլխավոր դատախազությունից նա պահանջում է պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մայրը պնդում է, որ ապրիլի 13-ին վարչապետը Ազգային Ժողովում հանցագործության մասին ինքնախոստովական ցուցմունք է տվել։

Փաշինյանն ասել էր. - «Էսօր ասում են՝ կարո՞ղ էին կանխել պատերազմը։ Կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։

Պատերազմում իրենց որդիներին կորցրած մի քանի տասնյակ ծնողներ այսօր հաղորդում ներկայացրեցին Գլխավոր դատախազություն։ Նրանք պնդում են, որ Փաշինյանի հայտարարությունից տպավորություն են ստացել, որ նա նախապես պատկերացնելով, կանխատեսելով պատերազմի հետևանքները, մարդկային կորուստները դիտավորությամբ չի կանխել այն։

«Մենք այսօր խոսում ենք քսանհինգ հազար երեխաների ճակատագրերի մասին, որ խեղվել են տարբեր աստիճանի ծանրության», - ասաց ծնողներից մեկը։

«Պատժենք մեղավորներին, որպեսզի գոնե հետագայում ուրիշը իմ կարգավիճակում չհայտնվի», - հավելեց մեկ այլ ծնող։

Դատախազությանը ներկայացրած գրության նախաձեռնողը Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի զոհերի հարազատներն են։ Տևական ժամանակ է նրանք բարձրաձայնում են, որ Ֆիզուլիի շրջանում մի ամբողջ ստորաբաժանում զոհվել է բարձրաստիճան զինվորականների մեղքով։ Պատերազմից ավելի քան մեկ ու կես տարի անց սակայն, այս գործով միակ մեղադրյալը դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանն է։ Գործը դատարանում է։

Զոհված զինծառայողներ Հայկ Մելիքյանի մորաքույր Անահիտ Մանասյանն ու Ռուբեն Պողոսյանի մորեղբայր Եղիշե Զաքունցը դեռ հավատում են, որը գործը այսքանով չի փակվի։

«Մենք կսպասենք, համբերատար կլինենք, քանի որ բոլոր ծնողներս, այդ քսան զոհված զինծառայողների ծնողները արդարության կողմնակիցն են, և այստեղ չի կարող պարզապես մեկը պատժվել, իսկ մյուսները մնան ազատության մեջ։ Եվ այդ մեկը կրի մյուսների արարքների ողջ պատասխանատվությունը։ Բոլորը իրենց մասով պատասխանատվության պիտի ենթարկվեն», - ասաց Անահիտ Մանասյանը։

«Ավելացնեմ, որ մենք չենք հավատում, դա կառավարությունն ա, կառավարություն ասելով ես ի նկատի ունեմ Փաշինյան և ՔՊ-ականները։ Մենք չենք խոսում դատախազության մասին, մենք չենք խոսում Քննչական կոմիտեի մասին», - հավելեց Եղիշե Զաքունցը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահմյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս քրեական գործի նախաքննությունը լայն ծավալով շարունակվում է՝ նկատի ունենալով նաև զոհված զինծառահողների հարազատների բարձրացրած խնդիրները. - «Նաև քննություն է իրականացվում իրենց կողմից նշված վերադասության կարգով բոլոր հրամանատարների հետ կապված գործողությունների իրավաչափությունը, դրանցում հնարավոր հանցավոր արարքների առկայությունը։ Կարճ ժամանակում, վստահ եմ, իրավական գնահատականներ կտրվեն նաև այդ առնչությամբ»։

Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների ծնողների այսօրվա հաղորդմանը, ապա դատազախությունից «Ազատությանը» հայտնեցին, որ կատարվում է քննություն Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մեկ այլ գործի շրջանակներում, որի մաս է կազմում նաև պատերազմի պատճառահետևանքային կապերի շղթայի ուսումնասիրությանը։ Իսկ ներկայացված գրությունը դեռ պետք է ուսումնասիրվի։

«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», - նույն ելույթում ասել էր Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն անցած շաբաթ խոհրդարանի ամբիոնից հայտարարել էր նաև՝ մեղավոր է, որ հանրության առաջ չի կանգնել ու չի բարձրաձայնել մի շարք կարևոր հարցերի մասին։

«Դա ավելին է քան հանցագրոծությունը, դա սխալ է, Դա ավելին է քան դավաճանությունը, դա սխալ է», - ասել էր Փաշինյանը։

Պատերազմի զոհերի հարազատները, այդուհանդերձ, երկրի ղեկավարից սխալի համար պատասխանատվություն, այլ ոչ թե ափսոսանք են ակնկալում։

Զոհվածների հարազատների տպավորությամբ՝ Փաշինյանը դիտավորյալ չի կանխել մարդկային կորուստները
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG