Մատչելիության հղումներ

Ակնհայտ է, որ Հայաստանի առջև պայման է դրված Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. քաղաքագետներ


Ակնհայտ է, որ Հայաստանի առջև պայման է դրված Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ վկայակոչելով նաև օրերս Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարեր Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։

«Եթե ուշադիր նայում ենք վերջերս հենց Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցի մամուլի հաղորդագրությունում նաև դրա մասին էր խոսվում, որ նաև խաղաղության պայմանագրի մանրամասներն են քններկվել։ Նաև Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էր ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների սկսումը և այլն։ Իհարկե այս տարածաշրջանում կողմերը տարբեր նպատակներ ունեն, նկատի ունեմ՝ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, բայց բոլորն էս փուլում ցանկանում են որպեսզի այստեղ նոր պատերազմ չբռնկվի», - ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Արևմուտքն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի վրա, Ռուսաստանն էլ չի ուզում, որ իր թիկունքում նոր ռազմական գործողություններ ընթանան։

«Բայց էստեղ մի նրբություն կա․ նախկինում հենց Նիկոլ Փաշինյանն է ասել, որ «Հայաստանի նախկին իշխանությունները ճանաչել են տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի», մասնավորապես, հղում էր անում ԱՊՀ ստեղծման 1992 թվականի պայմանագրին, Ռոբերտ Քոչարյանի 1999 թվականի Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովի ստորագրած փաստաթղթին, որտեղ նա նշում էր, որ Հայաստանը տարածքային ամբողջականությունը ճանաչել է, բայց նաև մյուս կողմից ասում է, որ Հայաստանին այդպիսի պահանջ է ներկայացվել։ Այնպես, որ միգուցե այդպիսի պահանջ կա», - ասաց Վարդանյանը։

Չբացառելով, որ այս աղմուկը նաև հիմքեր ունի՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարևորեց քաղաքական բոլոր ուժերի համախմբումը։

«Օրինակ ես համարում եմ, որ քաղաքական ընդդիմությունը՝ և՛ Ազգային ժողովի, և՛ Ազգային ժողովից դուրս, որը մտահոգված է, բոլոր քաղաքական ուժերը հավաքվեն ընդհանուր հայտարարություն անեն, որ եթե Ադրբեջանը սկսի պատերազմական գործողություններ, մենք թիկունք կկանգնենք այս իշխանություններին։ Եթե համախմբում լինի քաղաքական ուժերի մեջ, դա մեսիջ կլինի Ալիևին։ Ուրեմն առաջինը՝ համախմբում քաղաքական ուժերի կառավարության շուրջ, եթե պատերազմ սկսի։ Այլ հարցերով թող քննադատեն, իրենց գործն է։ Էդ գործոնը Ալիևին ինչ-որ կարմիր գիծ կնշի, որն ինքը չի կարող անցնել», - ասաց Գրիգորյանը։

Օրերս Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG