Եթե այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխը ձեզ օրինակ, այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա իր ելույթին։
Նախօրեին Փաշինյանն ասել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը։
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր վարչապետի ելույթի ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճում չէր։
«Էն, ինչ որ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին ա, հարգելի գործընկերներ։ Ուշադիր էղեք՝ չհանձնելու մասին ա։ Որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք։ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր», - ասել էր Փաշինյանը։
Այսօր գնահատելով իր երեկվա ելույթը՝ նա պնդեց, թե դրանով ճանապարհ է բացում Արցախի ու Հայաստանի պետականությունը պահպանելու համար։ Նա երեկ հայտնեց, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ կառավարության մոտեցումը փոխվել է։ Եթե մինչ այդ կարևորվում էր նախ կարգավիճակը և անվտանգությունը կապվում էր դրա հետ, ապա այժմ առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը։
Ասաց, թե կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները. - «Իսկ Ադրբեջանը ուզո՞ւմ ա խաղաղություն։ Կամ Ադրբեջանի համար ինչքանո՞վ ա ընդունելի էն, ինչ որ մենք ասում ենք։ Շատ ճիշտ մտահոգություններ ա, բայց խոսքը ուրիշ բանի մասին ա։ Երբ որ ես ասում եմ, որ մենք մեր առաջ տարածություն ենք բացել, ի՞նչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ՝ լավ, ի վերջո մենք պետք ա օրակարգ բերենք հարցեր, մենք պիտի լցնենք բովանդակությամբ տարածաշրջանային օրակարգը։ Էդ էլ ա նույն պրոցեսի մաս, հերիք ա մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն և մատուցեն»։
Գործադիրի ղեկավարը սակայն ո'չ երեկ, ո'չ էլ այսօր չհստակեցրեց՝ ի՞նչ ասել է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, և արդյո՞ք Երևանն արդեն համաձայն է այդ առաջարկին։
Այս մասին խոսելով՝ շեշտել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։
Իշխող ուժից էլ հստակ պատասխան չեն տալիս։
«Վարչապետը բաց ասեց, որ մենք մեր գործընկերների հետ, ովքեր կարող են օգնել Հայաստանին ու Արցախին, այժմ քննարկելու ենք անվտանգության հարցերը, նոր՝ կարգավիճակի։ Որովհետև նրանք կարգավիճակի հարցը մեր ուզած չեն ուզում քննարկեն», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիգեն Խաչատրյանը։
Նրա համար միջազգային հանրության առաջարկը պարզ է։ Այն նշանակում է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Իշխանական պատգամավորը մեկնաբանեց նաև Փաշինյանի խոսքը. - «Մենք փոխանակ իրանց հետ քննարկենք, թե մինչև ուր իջեցնենք, մենք ասում ենք՝ լավ, էդ մի կողմ դրեցինք, քննարկենք անվտանգության հարցերը։ Որովհետև անվտանգության հարցերի քննարկման փուլում կարող է մեր գործընկերներն ասեն՝ ոնց որ թե ճիշտ եք ասում, պիտի անկախ լինի»։
Վարչապետի երեկվա ելույթը հակասական տրամադրություններ է առաջացրել։ Փաշինյանին լսելով, մարդիկ է'լ ավելի են հուսահատվել։ Կան նաև քաղաքացիներ, որ ըմբռնում են ու իրավիճակին այլընտրանք չեն տեսնում։
«Ի վիճակի չենք լսելու էս քաղաքական թեմաները, հոգնած ենք, մեռած ենք, գոյություն չունենք։ Էս ի՞նչ վիճակ ա», - վրդովվում էր մի կին։
Իսկ միջին տարիքի մի տղամարդ այսպիսի կարծիք ունի. - «Նա ասում էր դառը իրականությունը, ուզենք-չուզենք, էդպես ա։ Խաղաղությունը պիտի կնքի, ժողովրդի բանը բարելավվի, ինչքան զոհ տվեցինք հերիք ա, ինչքան կորուստ տվինք, հերիք ա»։
Փաշինյանն այսօր Ազգային ժողովում երեկվա իր ելույթին հաջորդած այն մեկնաբանություններին անդրադարձավ, թե այս կամ այն իրավիճակում արցախցիները կլքեն Լեռնային Ղարաբաղը։
Նա շեշտեց՝ արցախցիները պետք է մնան ու կարգավիճակ ունենան՝ կրկին առանց հստակություն մտցնելու, թե խոսքը ինչ կարգավիճակի մասին է։ «Էնպիսի տպավորություն ա, որ մարդիկ կան, որ երազում են, որ Ղարաբաղից ժողովուրդը օր առաջ դուրս գա։ Ո'չ, մենք ասում ենք Ղարաբաղը... ժողովուրդը դուրս չպտի գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք ա ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի լինի ղարաբաղցի, արցախցի և հայ», - ասաց վարչապետը։