«Կարմիր գիծն այն է, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, սա միանշանակ է», - հավելում է նա։
Բաբայանը շեշտում է, որ Արցախում դժգոհության մեծ ալիք է բարձրացել։ Նա վստահ է, որ դա անընդունելի է նաև Հայաստանում, Սփյուռքում ապրող բոլոր հայերի համար. - «Եվ այստեղ չկա որևէ, նույնիսկ քննարկման առարկա։ Այսինքն՝ Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձ բերելու է արյունահեղության, բերելու է Արցախի կործանման։ Արցախի կործանումից հետո Հայաստանի Հանրապետություն չի լինելու, ժամանակի հարց է՝ շատ կարճ»։
Վարչապետը խորհրդարանական ընդարձակ ելույթում ընդգծել էր, թե միջազգային հանրությունն է հստակ ասում՝ Արցախի կարգավիճակի հարցում ձեր նշաձողն իջեցրեք ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջը, հակառակ դեպքում մեզ ձեզ օգնել չենք կարող։
Բաբայանը հակադարձում է. - «Այնպես չի, որ ամբողջ միջազգային հանրությունը մեր դեմ է և մեզ պարտադրելու է։ Նույնիսկ եթե ամբողջ միջազգային հանրությունը մեր դեմ լինի, բայց մենք լինենք միասնական... տեսական եմ ասում, պրակտիկորեն իհարկե դա այդպես չէ։ Մենք կանգնելու ենք մինչև վերջ, մեզ համար դա ընդունելի չէ»։
Կան հնարավորություններ, ու պետք է աշխատենք մեր շահերը պաշտպանելու համար, ասում է Արցախի արտգործնախարարը՝ հավելելով, թե Թուրքիան էլ է միջազգային հանրություն, որ Ադրբեջանն իր կազմում է տեսնում, Արցախն էլ՝ Ադրբեջանի։
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ եթե միջազգային հանրությունն Արցախն Ադրբեջանի կազմում է տեսնում, ուրեմն հայկական կողմը վատ է աշխատել, ու այդ հանրության համար պարզ չէ, որ դա նշանակելու է Արցախի հայաթափում. - «Պետք է այդ իրականությունը տեղ հասցնել, հստակ գծել այդ սահմանը, որ հնարավոր չէ ապահովել Արցախի ժողովրդի իրավունքները Ադրբեջանի կազմում՝ որևէ կարգավիճակով»։
Վարչապետը երեկ նաև ասել էր, թե կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց Արցախի հայության անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար։
Գեղամ Ստեփանյանը ընդգծում է, որ առանց կարգավիճակի հստակեցման, անվտանգության մասին խոսել չի լինի։ Օրինակը հենց ռուս խաղաղապահներն են, որ այժմ անվտանգության երաշխավոր են, սակայն Ադրբեջանը վերջին պատերազմից հետո հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ. - «Փաստորեն ռուսական խաղաղապահ զորակազմը, որ տեղակայված է Արցախում, այդ անվտանգությունն ապահովողն է։ Եվ մենք նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում տեսել ենք, որ առանց կարգավիճակի հստակեցման և առանց հստակ մեխանիզմների ձևավորման, միայն անվտանգություն պահելով, հարցը չի լուծվում»։
Փաշինյանի հայտարարությունները Արցախի խորհրդարանի՝ այսօր երեկոյան արտահերթ նիստի օրակարգում են։ Միասնական հայտարարություն են նախապատրաստում։
Երեկ Արցախի նախագահն էր մի քանի հրատապ խորհրդակցություններ անցկացրել՝ շեշտելով, ոչ չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից։
Այսօր Արայիկ Հարությունյանը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ է հանդիպել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են իշխանությունների հնարավոր անելիքները։
Արցախի համար ինչպիսի՞ կարգավիճակ է հնարավոր համարում Արցախի իշխանությունը։ Արայիկ Հարությունյանն այս հարցին անդրադարձել է երկու օր առաջ Մարտակերտում հրավիրած խորհրդակցության ժամանակ. - «Շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության։ Դա կարա լինի անկախություն, դա կարա լինի Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, դա կարա լինի նաև Ռուսաստանի ի հետ ինչ-որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»։
Արցախի նախագահը դարձյալ շեշտել է, որ Ադրբեջանի ենթակայությամբ անհնար է։ Ադրբեջանի հետ հարևանություն, հասկանում են, պետք է պահեն։