Դեռ1996 թվականից Շուշիի հարցը եղել է բանակցությունների սեղանին, այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ որևէ կարգավորում չէր լինելու, մինչև Շուշիի հարցը չլուծվեր։ Պատերազմը, վարչապետի խոսքով, Շուշիի համար է եղել։
«Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին։ Չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, և ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր։ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկար, դա հետո պիտի քննարկվեր։ Եվ էս փուլայինին հետո մի հատ էլ փուլ է ավելացել՝ Անվտանգության խորհրդի [ենթադրաբար ՄԱԿ-ի] նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, կամ ընթացիկ կարգավիճակը», - ասաց գործադիրի ղեկավարը։
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ - «Միջազգային հանրությունը կրկին մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել», - հայտարարեց վարչապետը:
Խոսելով 44-օրյա պատերազմից՝ վարչապետը նաև ասաց, որ եթե հանձներ 7 շրջանները, գուցե կփրկեր հազարավոր կյանքեր, իսկ «չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։
Անդրադառնալով այս հայտարարությանը հաջորդած քննադատություններին, թե ինչո՞ւ չկանխեցին, կամ չկանգնեցրին պատերազմը, Փաշինյանը պնդեց՝ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել, կամ կանխել։
«Եվ մեր տղաներն, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են էս իրավունքի համար, Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Էն, ինչ որ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև, եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք՝ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր», - ասաց գործադիրի ղեկավարը։
Հայաստանի վարչապետը նկատեց՝ եթե Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեին, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեին։
«Որովհետև, եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։ Իսկ Ադրբեջանն ասում էր՝ «առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն 50 -100 տարի՝ կողք-կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, 50 տարուց, 100 տարուց հետո մենք կնայենք։ Որևէ այլ պայմանի մենք համաձայն չենք», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ 98-ի փաթեթափուլային փաթեթով հայությունը զրկվել էր տարածությունից։ Նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով, նրա խոսքով, Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։
«Ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին, հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք։ Երեկվա ելույթով տարածություն, ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի համար, Հայաստանի և Արցախի համար ճանապարհ ենք բացում՝ պետականությունը պահելու», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն և ներեն։ Մենք պետություն ենք, ազգ ենք, ինքնիշխան ենք։ Այո՛, մենք հպարտ ենք, արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն և թույլ չենք տա՝ որոշելու մեր իրավունքը խլել մեզնից»։