Մատչելիության հղումներ

Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի վերջին ելույթը. Աղաջանյան


Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսպես է մեկնաբանում Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը:

Արցախի խորհրդարանականները երեկ հայտարարեցին, թե ոչ մի իշխանություն իրավունք չունի Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու:

Նիկոլ Փաշինյանն էր այս շաբաթ խորհրդարանում ասել, որ միջազգային հանրությունը հայկական կողմից նման ակնկալիք ունի:

«Մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում: Կրկնում եմ՝ որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել ուղղակի», - ասաց Աղաջանյանը:

Իսկ ինչպե՞ս են իշխանական պատգամավորները հասկացել վարչապետի խոսքերը։ Փաշինյանին հաջորդող ելույթներում, կարմիր գծով նույն շեշտադրումներն էին անցնում։ Ամենապարզը իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էր ձևակերպել, որ սխալ էր 90-ականներից եկած այն գաղափարը, թե «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի»։

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա ունի՞ հարցին, իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ուղիղ պատասխան չտվեց. «Մենք հիմա դա չենք քննարկում»:

Էդուարդ Աղաջանյանը մինչդեռ պնդեց՝ վարչապետը Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին ոչինչ չի ասել. «Վարչապետի ելույթում որևէ բառ Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս, ընդհանրապես դրան առնչվող որևէ բառ կամ ձևակերպում եղե՞լ է, չի եղել»:

Այդ դեպքում ի՞նչ է նշանակում կարգավիճակի նշաձող իջեցնելը, Աղաջանյանը պարզաբանում է՝ որևէ լուծում, որի հետևանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար։

«Խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որի առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցիները չեն ուզենա լքել Արցախը: Հակառակ պարագայում այն լուծումը, որը կառաջարկվի, բնականաբար, չի լինի Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան, ոչ էլ արցախցիների: Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի Հայաստանի Հանրապետության համար», - հայտարարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Ստեփանակերտից մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և դա իրենց կարմիր գիծն է։ Ընդդիմադիրները հիշեցնում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ գրված է՝ մեջբերում եմ, «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։

«Ստացել են մանդատ խաբեությամբ, որովհետև ասում էին, որ իրենք բանակցելու են երեք սկզբունքների, Մադրիդյան սկզբունքների, Կազանում ֆիքսած և այլ տրամաբանությամբ ֆիքսված բանակցային դիրքերից, իսկ հիմա խոսում են այլ բանակցային տրամաբանությունից, այնպես որ այդ թեզը՝ «մենք մանդատ ունենք», սուտ է, դուք այդ մանդատը չունեք», - ասաց «Պատից ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնել, ըստ Փաշինյանի, պահանջում է միջազգային հանրությունը։ Իշխանականներն այսօր հիմնավորում էին, որ նախորդ 30 տարիների ընթացքում Հայաստանը իր բարձր նշաձողի պատճառով եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սա կեղծ թեզ է որակում. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որևէ ներկայացուցիչ չի հայտարարել այն մասին, որ Հայաստանը պետք է իջեցնի իր նշաձողը կարգավիճակի հետ կապված, Սա հերթական անգամ մեզ բերում է այն համոզմանը, միջազգային հանրություն ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Թուրքիայի ու Ադրբեջանին, որովհետև միայն Թուրքան ու Ադրբեջանն են ու դրանից հետո նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ Հայաստանը պետք է իջեցնի իր նշաձողը կարգավիճակի հետ կապված»:

Իսկ ի՞նչ անել հարցի պատասխանը ընդդիմադիրները տևական ժամանակ է խոստանում են տալ առաջիկայում։ Ասում են՝ իրենց ժամանակ է պետք լավ պատրաստվելու համար։

XS
SM
MD
LG