Մատչելիության հղումներ

Արցախի իշխանությունները չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից. Արայիկ Հարությունյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով։

ՀԿ սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարության վերաբերյալ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը, հայտնում է նախագահի աշխատակազմը։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից՝ խոստանալով կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը:

Արայիկ Հարությունյանն այսօր նաև աշխատանքային հրատապ խորհրդակցություն է անցկացրել՝ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ:

Արցախի ղեկավարը նշել է, որ հանդիպումը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով է կայացել, քանի Փաշինյանի հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ, հավելում են Հարությունյանի աշխատակազմից:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», - մասնավորապես, ասել է վարչապետը:

XS
SM
MD
LG