Մատչելիության հղումներ

«Հայաստանի վզին են փաթաթում խաղաղության պայմանագիր, որը Արցախի համար մահվան դատավճռին է համարժեք»․ ԼՂ ԱԺ փոխխոսնակ


«Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում ու դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա կարմիր գիծ է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել»․ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսպես բացեց երեկ հրավիրված արտահերթ նիստը։

Արտահերթ նիստի առիթը հայտարարության ընդունումն էր, որով Արցախի խորհրդարանը, ըստ էության, արձագանքեց Հայաստանի վարչապետին: Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարել էր՝ միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ «Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը»։

Արցախի օրենսդիրները Հայաստանի իշխանություններից պահանջում են՝ հրաժարվել «իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից»։

«Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։ Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին», - ասված է հայտարարությունում, որի տեքստը հրապարակեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Արցախի խորհրդարանը դիմում է նաև միջազգային հանրությանը, մասնավորապես, Ռուսաստանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին։

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները՝ որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը», - ասված է հայտարարությունում։

Արցախի ագզային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը երեկ ընդգծեց՝ «Հայաստանի վզին են փաթաթում խաղաղության պայմանագիր, որը Արցախի համար մահվան դատավճռին է համարժեք։

«Մենք փաստացի հայտարարում ենք համահայկական կոնսոլիդացիա։ Յուրաքանչյուր ոք, ում համար հայի պատիվն ու արժանապատվությունը դատարկ խոսքեր չեն, կանգնե՛ք Արցախի կողքին և հռչակե՛ք ձեզ Արցախի քաղաքացի», - ասաց Բաղունցը։

Պատգամավորներն իրենց ելույթներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեին խիստ քննադատություններ էին հնչեցնում։

«Արցախի ժողովրդավարական կուսակցության» պատգամավոր Դավիթ Մելքումյանը հայտարարեց՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ մշտական հարաբերություններ չեն կարողացել ձևավորել։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, լսում ենք վերջին ամիսների ընթացքում, հետևանք է նրան, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված պատգամավորների մի ստվար մասը ճիշտ պատկերացումներ չունեն այսօրվա Արցախի ու նրա շուրջ կառուցվող անվտանգային միջավայրի, մեր ազատագրական պայքարի տարեգրության, կարգավորման գործընթացի, մերօրյա մատահրավերների և բազմաթիվ այլ խնդիրների մասին», - ասաց Մելքումյանը։

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո հրատապ խորհրդակցություններ էր անցկացրել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG