Ուկրաինա ներխուժելու 7-րդ օրը ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սևծովյան շրջանում ռազմավարական նշանակության Խերսոն քաղաքը, Խերսոնից արևմուտք արդեն Օդեսան է։ Ղրիմից արևելք ռմբակոծում է Ազովի նավահանգիստ Մարիպոլը, հյուսիս-արևելքում արդեն մի քանի օր ծանր հրետակոծության տակ է Խարկովը։
Դոնեցկ ու Լուգանսկի ուղղություններով ընդլայնվել են գրավված տարածքները, Կիևի մատույցներին մոտեցած ռազմական տեխնիկայի, տանկերի, զրահամեքենաների շարասյունը ձգվում է ավելի քան 60 կիլոմետր։ Հրթիռակոծություների և օդուժի հարվածների տակ են Ուկրաինայի մյուս շրջաններում գտնվող բնակավայրերն ու ռազմական օբյեկտները։
Այսօր շարունակվել է Ուկրաինայի մեծությամբ երկրոդ խոշոր քաղաքի՝ Խարկովի հրթիռակոծությունը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ այսօրվա հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 9-ը` վիրավորվել։
Ավելի վաղ, մինչ այս տվյալները նահանգապետ Օլեգ Սինեգուբովն ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Խարկովում 21 մարդ է զոհվել, 112-ը վիրավորվել են։
Այսօր ռուսական ուժերը հրթիռակոծել են նահանգային ոստիկանության և անվտանգության ծառայության շենքերը։ Հրդեհում է նաև հարևանությամբ գտնվող Խարկովի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մասնաշենքը։ Գիշերը հրթիռակոծվել է օդանավակայանն ու տանկային ուսումնարանը, իսկ նախօրեին՝ բնակելի շենքեր, կենտրոնական հրապարակը, նահանգային վարչակազի շենքը։
«Ռոյթերսի» տեսանյութում ռմբակոծված բնակելի շենքեր են, սպանված քաղաքացիների մարմիներ։ Ռմբակոծված շենքի մոտ մեկ ժամ անց հավաքված մարդկանցից մեկն ասել է, որ քաղաքի վրայով թռչող 6 հրթիռ է տեսել։ Խարկովի մեկ ուրիշ բնակիչ Վիտալի Ռիբասն ասել է, իր նկարահանած տեսանյութում առնվազն չորս զոհվածներ կան։
«Ռմբակոծել են բնակելի շենքեր, հարվածել են հրթիռներով, շատ մարդ է զոհվել, Լավրովն ու Պուտինը պարզապես բանդիտներ են, նրանց պետք է դատել»:
Ռմբակոծված շենքի մոտ հավաքածներից Սվետլանան ասել է․ «Մեզ ռմբակոծում են ռուսները, մենք բոլորս վախենում ենք, մենք ի՞նչ կապ ունենք, մենք հասարակ, շարքային քաղաքացիներ ենք»:
Խարկովի հիվանդանոցի տնօրեն Էդուարդ Ռուդենկոն ասել է, որ ռմբակոծությունների հետևանքով ծանր վիրավորներ կան, այդ թվում նաև երկու երեխա։ Հրետակոծության ալիքից տուժել է հիվանդանոցի շենքը, իսկ նկուղը դարձել է ռմբապաստարան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի հրետակոծությունները գնահատել է որպես պետական ահաբեկչություն։
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ռուսական ուժերի հրետակոծությունները նողկալի է համարել, ասելով, թե սա հիշեցնում է 1990-ական թվականներին Սարաևոյի վրա սերբերի հարձակումները։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Ժիտոմիրի հրետակոծության հետևանքները։ Կիևից 140 կիլոմետր արևմուտք ընկած Ժիտոմիրը հրետակոծվել է երեկ երեկոյան։ Հրապարակված տեսանյութում ամբողջովին ոչնչացված մի քանի տների հետքեր են։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հրթիռակոծվել է Ժիտոմիրի հիվանդանոցի հարևանությամբ բնակելի թաղամասը։ Նախնական տվյալներով` 2 մարդ է զոհվել, երեքը վիրավորել են, երեք տուն է քանդվել, ջարդվել են մոտիկ գտնվող հիվանդանոցի պատուհանների ապակինները։ Որոնողական փրկարարական աշխատանքներ են ընթանում, հնարավոր է` փլատակների տակ մնացած մարդիկ լինեն։
Ժիտոմիրում է տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի դեսանտա-գրոհային 95-րդ բրիգադը։
Մոսկվան պնդում է, որ ռուսական բանակը Ուկրաինայի խաղաղ բնակչությանը չի սպառնում, թիրախավորվում են միայն ռազմական ենթակառուցվածքները։
Սև ծովի ափերին ընկած բնակավայրերից Մարիոպոլի քաղաքապետն այսօր հաղորդել է ռուսական ուժերի ինտենսիվ հրետակոծության մասին, նշելով, որ տուժածներին անգամ չեն կարողանում տարահանել։ Մարիոպոլն ընկելու դեպքում Ազովի ի ծովի ուկրաինական ափը ամբողջովին կանցի ռուսական ուժերի վերահսկողությանը։
Հակառակ ուղղությամբ՝ Ղրիմից հյուսիս-արևմուտք ընկած շրջանում ռուսական ուժերն այսօր ամբողջովին գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Խերսոն քաղաքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողության տակ են վերցրել մարզային կենտրոն Խերսոնը»,- ասել է նա։
Դնեպրի գետաբերանին ընկած, մոոտավորապես 280 հազար բնակչություն ունեցող Խերսոնում նավահանգիստ ու նավաշինական ձեռնարկություն կա։
Երեկ երեկոյան Կիևի հեռուստաաշտարակը հրթիռակոծելու մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ դա արվել է «Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները կասեցնելու նպատակով»։
Ուկրաինական կողմի ընդհանուր կորուստների մասին նա ասել է, որ ռուսական ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի 1500 ռազմական օբյեկտներ, շարքից հանել են տասնյակ զենիթահրթիռային համակարգեր, օդանավեր, հազարից ավելի զրահատեխնիկա։
Սեփական կորուստների մասին ռուսական կողմը չի հաղորդում։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մարտի 2-ին հրապարակած տվյալների համաձայն` ոչնչացվել են ռուսական օդուժի տասնյակ օդանավեր, ուղղաթիռներ, 200-ից ավելի տանկեր, մոտավորապես 5 հազար 800 ռուսաստանցի զինվորական է սպանվել։
Պատերազմական գործողությունների պատճառով կողմերի կորուստների մասին անկախ աղբյուրներից տեղեկություններ չկան։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի տվյալներով` Ուկրաինայում 135 քաղաքացիական անձ է զոհվել, մոտավորապես 800 հազար մարդ դուրս է եկել երկրից։