Մատչելիության հղումներ

Աշխարհի խոշորագույն ընկերությունները լքում են Ռուսաստանը կամ դադարեցնում բիզնեսը ռուսական ընկերությունների հետ


Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության տարբեր ճյուղերում առաջատար բազմաթիվ ընկերություններ՝ Apple-ից մինչև Boenig, BMW-ից մինչև Disney ու DHL հայտարարել են Ռուսաստանից հեռանալու կամ այդ երկրում իրենց գործունեությունը դադարեցնելու, սահմանափակելու մասին։

Reuters-ն ի մի է բերել այսօրվա իրավիճակը։

Ավտոարտադրողներ

Բեռնատարներ արտադրող գերմանական Daimler Truck-ը, ըստ Reuters-ի, հայտարարել է, որ սառեցմում է իր գործունեությունը Ռուսաստանում՝ ներառյալ համագործակցությունը ռուսաստանյան Камаз-ի հետ։ Միաժամանակ, Mercedes-Benz Group-ը իրավական ճանապարհ է փնտրում ազատվելու Камаз-ում իրեն պատկանող 15 տոկոս բաժնեմասից։

Շվեդական Volvo Cars-ը նշել է, որ առայժմ դադարեցնում է իր առաքումները Ռուսաստան։ 2021-ին Volvo-ն 9 հազար մեքենա է վաճառել Ռուսաստանում։

Նույն քայլին է դիմել General Motors-ը։ Հաղորդվում է, որ ամերիկյան այս ընկերությունը գործարան չունի Ռուսաստանում, անցած տարի վաճառել է 3 հազար մեքենա։

Ճապոնական Mitsubishi Motors-ի փոխանցմամբ, ընկերությունը կարող է դադարեցնել իր ավոտմեքենաների արտադրությունը և վաճառքը Ռուսաստանում, եթե տնտեսական պատժամիջոցների հետևանքով մատակարարումների շղթան չգործի։

Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կասեցնելու է Ռուսաստանում մեքենա հավաքող իր գործարանների որոշ գործառույթներ, որովհետև խնդիրներ են առաջացել մատակարարումների շղթայում։

Արևմտյան ավտոարտադրողներից Renault-ն ամենից շատն է ներկայացված Ռուսաստանում, ուր ստացված եկամուտը անցած տարի կազմել է ընկերության ողջ մուտքերի 8 տոկոսը։ Renault-ն նաև վերհսկում է Автоваз-ը՝ ռուսաստանյան խոշորագույն ավտոարտադրողին։

Harley-Davidson Inc-ը դադարեցրել է մոտոցիկլետների առաքումը Ռուսաստան։

Ford Motor Co-ը տեղեկացրել է իր ռուսաստանյան գորըծնկեր Sollers ընկերությանը, որն ի շարս այլ ակտիվների՝ УАЗ-ի վերահսկող բաժնեմասի սեփականատերն է, թե անհապաղ կասեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ Ford Motor Co-ն ու Sollers-ը համատեղ ձեռնարկություն ունեն։

Թանկարժեք ավտոմեքենաներ արտադրող բրիտանական Jaguar Land Rover-ը և Aston Martin-ը դադարեցրել են իրենց մեքենաների առաքումը Ռուսաստան։ Aston Martin-ի փոխանցմամբ, ռուսաստանյան և ուկրաինական շուկաներում անցած տարի վաճառվել է իր ողջ արտադրանքի ընդամենը 1 տոկոսը։

Եվ վերջապես, գերմանական BMW-ն հայտարարել է, որ դադարեցրել է իր ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան և կասեցնելու է այդ երկրում ավտոմեքենաների արտադրությունը։

Ավիացիա

Օդանավերի լիզինգով զբաղվող աշխարհում խոշորագույն AerCap Holdings-ը, որի կենտրոնակայանը Դուբլինում է, դադարեցնելու է իր համագործակցությունը ռուսաստանյան ավիաընկերությունների հետ։ Ընկերության համաձայն, 2021 թվականի վերջի դրությամբ իր օդանավերի 5 տոկոսն է լիզինգի կամ վարձակալության հանձված ռուսաստանյան ընկերություններին։

Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան Boeing-ը հայտարարել է, որ դադարեցրել է պահեստամասեր առաքել ռուսաստանյան ավիաընկերություններին և սպասարկել այդ ընկերություններին պատկանող Boeing ինքնաթիռները։

Բանկային ոլորտ

Աշխարհում խոշորագույն բանկերից մեկը հանդիսացող HSBC-ին նշել է, որ նվազեցնում է իր փոխգործակցությունը ռուսաստանյան բանկերի, ներառյալ պատժամիջոցների ներքո հայտնված ВТБ-ի հետ։ HSBC-ի ներկայացվածությունը ռուսաստանյան շուկայում սահմանափակ է. անցած տարի բանկի եկամուտը կազմել է 50 միլիարդ ԱՄՆ դոլար, որից ընդամենը 15 միլիոնը Ռուսաստանում, ուր բանկի աշխատակիցների թիվը մոտ երկու հարյուր է։

Սկանդինավյան Nordea-ն հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանում լայնորեն ներկայացված ներդրումային ֆոնդերի առքուվաճառքը։

Ավստրիական Raiffeisen Bank International-ը պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից՝ այս մասին Reuters-ին հայտնել են ընթացքին քաջածանոթ երկու հոգի, թեև բանկի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է տեղեկությունը։ Անցած տարի բանկի ողջ եկամտի մոտ 1/3-րդը առաջացել է Ռուսաստանում։

Էներգետիկա

Ֆրանսիական TotalEnergies-ը հայտարարել է, որ այլևս միջոցներ չի տրամադրի Ռուսաստանում նոր նախագծերի համար։

Բրիտանական BP-ն հայտնել է ռուսաստանյան նավթային խոշորագույն ընկերությունում՝ Роснефть-ում իր 19,75 տոկոս բաժնեմասը վաճառելու մասին։

Բրիտանա-նիդեռլանդական Shell-ը հայտարարել է Ռուսաստանում իր ողջ գործունեությունը դադարեցնելու մասին, ներառյալ գլխավոր նախագծում՝ հեղուկ բնական գազի Сахалин-2 գործարանում, որի բաժնետոմսերի 27,5 տոկոսը Shell-ինն է, իսկ 50 տոկոսը Газпром-ինը:

Նորվեգիական Equinor-ը սկսելու է Ռուսաստանում համատեղ ձենարկություններից դուրս գալու գործընթաց։ Ընկերությունը այդ երկրում աշխատում էր մոտ երեսուն տարի։ 2012-ին համաձայնվեց ռազմավարական համագործակցություն սկսել Роснефть-ի հետ։

Դանիական Orsted-ն իր էլեկտրակայանների համար դադարեցրել է գնել ռուսաստանյան քարածուխ և կենսազանգված, սակայն շարունակելու է Газпром-ից տարեկան գնել երկու միլիարդ խորանարդ մետր բնական գազ՝ երկարատև պայմանագրի համաձայն։ Միաժամանակ, Orsted-ը հայտարարել է, որ նոր պայմանագրեր չի կնքի ռուսաստանյան ընկերությունների հետ և կհրաժարվի ռուսաստանյան ծագում ունեցող մատակարարումներից։

Ամերիկյան Exxon Mobil-ը դուրս է գալու ավելի քան 4 միլիարդ դոլար արժողությամբ ռուսաստանյան նավթա-գազային նախագծերից և հրաժարվելու է նոր նախագծերից։

Իտալական Eni-ին ծրագրում է վաճառել Ռուսաստանից Թուրքիա ձգվող Голубой поток գազատարում իր բաժնեմասը, ուր Газпром-ի հետ համասեփականատեր է։ Eni-ին երկարատև գազային պայմանագիր ունի Ռուսաստանի հետ։ 2020 թվականին իտալական ընկերությունը գնել է 22,5 միլիարդ խորանարդ մետր ռուսական բնական գազ։

Ավստրիական OMV էներգետիկ խումբը հրաժարվել է Газпром-ի հետ համատեղ մաս կազմել մի գազահանքի շահագործման նախագծում և հայտարարել է, որ վերանայելու է իր ներգրավվածությունը Ռուսաստանը Բալթիկ ծովի հատակով Գերմանիային կապող Nord Stream-2 գազամուղում։

Centrica-ն, որը Մեծ Բրիտանիայոււմ սպառողներին գազ մատակարարող խոշորագույն British Gas ընկերության սեփականատերն է, հայտարարել է, թե չեղարկելու է գազի մատակարարման վերաբերյալ իր պայմանագրերը ռուսաստանյան ընկերությունների, հատկապես՝ Газпром-ի հետ։

Կինովարձույթ, հեռուստատեսություն

Հոլիվուդյան Disney, Warner Bros և Sony Pictures Entertainment ընկերությունները հայտնել են, որ կասեցնելու են ռուսաստանյկան կինոթատրոններում իրենց նոր ֆիլմերի ցուցադրությունները։

Արդյունաբերություն

Շվեդական մետաղագործական հսկան՝ Sandvik-ը կասեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ 2021 թվականին ընկերության եկամտի միայն 3,5 տոկոսն է ռուսաստանյան ծագման։ Ռուսաստանում ընկերությունը արտադրություն չունի, սակայն ունի շուրջ 900 աշխատակից՝ վաճառքի և սպասարկման ոլորտում։

Լոգիստիկա

Ամերիկյան հայտնի United Parcel Service Inc (UPS)-ը և FedEx Corp-ը, որոնք լոգսիտիկայի ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններն են, հայտարարել են, թե կասեցնում են առաքման իրենց ծառայությունները Ռուսաստանում և Ուկրաինայում։

Deutsche Post-ը հայտարարել է, որ դադարեցնում է DHL-ի ծառայությունը Ռուսաստանում։

Նավային (կոնտեյներային) փոխադրումներ իրականացնող՝ Ocean Network Express-ը արդեն այս երկուշաբթիից դադարեցրել է դեպի Ռուսաստան և Ռուսաստանից եկող պատվերների ընդունումը։

Նույն գործն անող աշխարհահռչակ Maersk ընկերությունը հայտնել է, որ դադարեցնելու է իր գործունեությունը Ռուսաստանի ուղղությամբ։ Maersk-ը բեռներ էր տեղափոխում դեպի Սանկտ-Պետերբուրգ, Կալինինգրադ, Նովոռոսիյսկ, Վլադիվոստոկ և Վոստոչնի նավահանգիստներ ու այնտեղից բեռներ վերցնում։

Դեպի Ռուսաստան և Ուկրաինա նավային փոխադրումների ժամակավոր դադարեցման մասին է հայտարարել նաև գերմանական Hapag Lloyd-ը։

Ծովային փոխադրումներ իրականացնող MSC ընկերությունը դադարեցրել է պատվերների ընդունումը դեպի Ռուսաստան և Ռուսաստանից, սակայն դեռ կիրականացնի սննդամթերքի ու հումանիտար բնույթի առաքումներ։

Նույն որոշումն է կայացրել լոգիստիկայի ոլորտում գործող շվեյցարական Kuehne und Nagel ընկերությունը՝ ընդգծելով, թե բացառություն կանի դեղորայքի, բժշկական պարագաների և հումանիտար առաքումների համար։

Բարձր տեխնոլոգիաներ

Apple-ը դադարեցրել է իր բոլոր պրոդուկտների վաճառքը Ռուսաստանում։

Google-ի սեփականատեր Alphabet ընկերությունը իր Play store-ում՝ հավելավծների առցանց հարթակում, արգելափակել է ռուսաստանյան պետական Russia Today և Sputnik լրատվականների հետ կապված հավելվածները։ Alphabet-ը ավելի վաղ հեռացրել էր ռուսաստանյան այդ լրատվականներին նորություններ մատուցող իր ծառայություներից։

Microsoft-ը հայտնել է, որ կհեռացնի բջջային հեռախոսաների համար նախատեսված Russia Today-ի հավելվածները Windows App store-ից՝ հավելվածների առցանց հարթակից, և կարգելափակի ռուսաստանյան պետական մեդիայի համար նախատեսված գովազդը։

Համակարգիչների արտադրությամբ հայտնի ամերիկյան Dell Technologies-ը հայտարարել է, որ դադարեցնում է իր արտադրանքի վաճառքը Ռուսաստանում և Ուկրաինայում։

Հեռահաղորդակցություն

Շվեդական հանրահայտ Ericsson-ը դադարեցնում է իր արտադրանքի առաքումը Ռուսաստան։

Նույն որոշմանն է հանգել ֆիննական Nokia-ն, որն անհրաժեշտ տեխնիկա է մատակարարում ռուսաստանյան МТС, ВымпелКом, МегаФон և Tele2 ընկերություններին։

Այլ ոլորտներ

Անվադողեր արտադրող ֆիննական Nokian Tyres-ը Ռուսաստանից Ֆինլանդիա և Միացյալ Նահանգներ է տեղափոխում իր արտադրության առանցքային մասերը։ Ընկերության համաձայն, տարեկան իր՝ մոտ 20 միլիոն անվադողերի 80 տոկոսը արտադրում է Ռուսաստանում՝ 1 600 աշխատակիցներով։

Քիմիական արտադրության ոլորտում գործող ֆիննական Kemira-ն մարտի 1-ից դադարեցրել է իր արտադրանքի առաքումը Ռուսաստաան և Բելառուս։

Սպորտային հագուստ, մարզակոշիկներ ու այլ պարագաներ արտադրող գերմանական աշխարհահռչակ Adidas ընկերությունը դադարեցրել է իր համագործակցությունը Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։

Nike-ը դադարեցրել է իր ապրանքների համար Ռուսաստանից պատվերների ընդունումը։

Կենցաղային տեխնիկա արտադրող շվեդական Electrolux-ը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։

XS
SM
MD
LG