Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:
Անցյալ տարի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Դաշնության կազմում ընդգրկելու մասին:
Ուկրաինան և միջազգային համայնքի գերակայող մեծամասնությունը, ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունները, չեն ճանաչել այդ որոշումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։
«Լավ լուր (պաշտպանության) նախարար Ումերովից։ Abrams-ներն արդեն Ուկրաինայում են և նախապատրաստվում են ուժեղացնելու համար մեր բրիգադները», - այսօր Տելեգրամի իր էջում գրել է Զելենսկին։
Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցկ քաղաքում մեկ տղամարդ է զոհվել, Տելեգրամում գրել է Դոնեցկի քաղաքապետը։
Բելգորոդի մարզի Ուրազովո ավանի հրետակոծության հետևանքով երկու կին թեթև վնասվածքներ են ստացել։ Նույն մարզում կիրակի օրը երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, ևս մեկը՝ Կուրսկի մարզում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ ռուսական կողմի՝ մեկ օրվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը 15 հարվածային դրոններ և մեկ ուղղաթիռ է խոցել։
Անցած գիշերվա ընթացքում ռուսական ուժերը 19 հարվածային դրոններով և 2 գերձայնային «Օնիկս» հրթիռներով գրոհել են Օդեսայի մարզի վրա։ Ուկրաինայի մյուս մարզերի վրա «Կալիբր» տիպի 12 հրթիռներ են արձակվել։
Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով զինվորականներին, հաղորդում են, որ զգալի վնասվել է ծովային նավահանգիստն ու հարակից հյուրանոցը, որն արդեն մի քանի տարի չէր գործում։ Վնասվել է նաև պահեստային մասնաշենք։