Մատչելիության հղումներ

Ռուսական պատվիրակությունը երեկոյան կսպասի ուկրաինական կողմին՝ բանակցությունները շարունակելու համար․ Պեսկով


Ուկրաինան յոթերորդ օրն է` դիմադրում է ռուսական բանակին: Հրթիռակոծվող մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Ազատության» Настоящее время ծրագրին տված հարցազրույցում ասել է, թե ուկրաինացիները դիմադրելու են մինչև վերջ:

«Ամեն ինչ կանենք ռուսական հարձակմանը դիմադրելու համար։ Մենք ունենք ռազմավարություն, պլան, ունենք գործընկերներ և կամք, մենք մեր երկիրը չենք պատրաստվում լքել։ Մենք մեր տանն ենք», - ասել է նա։

Արևմուտքը հիանում է ուկրաինացիների խիզախությամբ, հսկայական ֆինանսական և ոչ միայն օգնություն է տրամադրում Ուկրաինային, սակայն հրաժարվում է պատերազմել միջուկային զենքով սպառնացող Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանն էլ մի կողմից շարունակում է Կիևի, Խարկովի ռմբակոծությունները, մյուս կողմից` հայտարարում, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ուկրաինական կողմի հետ։

Ռուսական պատվիրակությունն այսօր կսպասի ուկրաինական պատվիրակությանը՝ բանակցությունները շարունակելու համար, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան», - ասել է Պեսկովը՝ չհստակեցնելով բանակցությունների վայրը։ Կրեմլի խոսնակը նաև չի հստակեցրել՝ ինչ ասել է «հաջողություն ռուսական կողմի համար»՝ պնդելով, թե «այս իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր պայմանները բավականին հստակ ձևակերպվել են Ռուսաստանի նախագահի կողմից»։

Երկու օր առաջ` բանակցությունների առաջին փուլից հետո, ռուսական և ուկրաինական կողմերը հայտարարել էին, թե առաջիկա օրերին նորից կհանդիպեն, սակայն բանակցությունների փոխարեն այսօր Ուկրաինայում թեժ մարտական գործողություններ են, իսկ Ուկրաինայի նախագահն ասում է, որ բանակցությունները շարունակելու համար ռուսական բանակը պետք է դադարի ռմբակոծել ուկրաինական քաղաքները։

«Բոլորը պետք է դադարեն կրակել ու վերադառնան այն կետ, որտեղ գտնվում էին վեց օր առաջ։ Եթե նրանք դա անում են, նշանակում է` ուզում են խաղաղություն, եթե ոչ, ուրեմն խաղաղություն չեն ուզում, պարզապես ժամանակ են ձգձգում», - ասել է Զելենսկին։

Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 28-ին Բելառուսի տարածքում` Ուկրաինայի սահմանի մոտ և տևել էր 5 ժամ, սակայն որևէ արդյունք բանակցությունները չէին տվել, ուժգին ռմբակոծություններն ու մարտերը Ուկրաինայի տարբեր քաղաքներում շարունակվում են։

Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը, 28-ը փետրվարի, 2022թ․
Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը, 28-ը փետրվարի, 2022թ․

Ընդ որում, եթե ուկրաինական կողմն ասում է, թե հիմնական պահանջը՝ ռուսական բանակի դուրս գալն է Ուկրաինայից, ռուսական կողմի պահանջները, մեղմ ասած, հստակ չեն․ ռուսաստանցի պաշտոնյաները կրկնում են Պուտինի խոսքերը՝ «նպատակն է՝ Ուկրաինայի ապանացիստականացումն ու ապառազմականացումը», իսկ թե ինչ է իրականում սա նշանակում, պարզ չէ։

Պաշտոնական Մոսկվան բոլոր ամբիոններից շարունակում է պնդել, թե Ուկրաինայում տեղի ունեցողը պատերազմ չէ, այլ հատուկ գործողություն, ինչպես նաև շարունակում է պնդել, թե ռուսական բանակը միայն թիրախային հարվածներ է հասցնում ռազմական նշանակության օբյեկտներին։

Զելենսկին CNN-ին և Reuters-ին տված հարցազրույցում կոչ է արել ՆԱՏՕ-ին ուկրաինական տարածքի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել՝ ռուսական օդուժի հարձակումները կասեցնելու համար։ Նրա խոսքով, դա կլինի կանխարգելիչ միջոց, որը չի նշանակի, թե ՆԱՏՕ-ն ներքաշվել է հակամարտության մեջ։ ՆԱՏՕ-ն, սակայն, շարունակում է պնդել, թե ռազմական միջամտություն հակամարտությանը չի լինի:

Իսրայելում Նաֆթալի Բենեթի հետ համատեղ ասուլիսի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հերթական անգամ հայտարարել է, թե Գերմանիան, ՆԱՏՕ-ն և այլ երկրներ չեն միջամտի ռազմական գործողություններին Ուկրաինայում։ Արևմուտքը գերադասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթել տնտեսական աննախադեպ կոշտ տնտեսական պատժամիջոցներով։

Եվ մինչ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է առաջին խոշոր ռազմական հաջողության՝ Խերսոն քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին, Ռուսաստանի միջազգային մեկուսացումն էլ ավելի է խորանում․ ամեն օր Արևմուտքը հայտնում է ռուսական տնտեսության փլուզմանը ուղղված նոր պատժամիջոցների մասին։

ԱՄՆ-ը փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, ExxonMobil-ը սկսել է դուրս գալ «Սախալին-1» նախագծից, Boeing-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների սպասարկումն ու աջակցությունը, Կանադան պատժամիջոցներ է կիրառել Դմիտրի Մեդվեդևի, Սերգեյ Սոբյանինի, Ալեքսանդր Բեգլովի և մի շարք այլ բարձրաստիճան ռուսների նկատմամբ։

Շարունակվում է ռուսական ռուբլու ռեկորդային արժեզրկումը

Պատժամիջոցների արդյունքում շարունակվում է ռուսական ռուբլու ռեկորդային արժեզրկումը․ դոլարն այսօր բորսայում բարձրացել էր մինչև105.12 ռուբլի, եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչև 116 ռուբլի: Ընդ որում, օրինակ, Մոսկվայում դոլար հնարավոր չէ գնել փոխանակման կետերում, ինչպես նաև բարդ է կանխիկացնել ռուբլին, աշխատող բանկոմատների մոտ հսկայական հերթեր են։

Ռուսաստանի իշխանությունները փորձում են պաշտպանել ռուսական տնտեսությունը և դիմում եմ նույնպես աննախադեպ պատասխան միջոցների: Լուրջ սահմանափակումներ են գործում նաև բանկային փոխանցումների համար հատկապես արտերկիր։ Երեկվանից արգելվել է «Էխո Մոսկվի» և «Դոժդ» ՀԸ աշխատանքը Ռուսաստանում:

Այս ամենի ֆոնին մեծանում է նաև ուկրաինական պատերազմի դեմ բողոքի ալիքը։ Չնայած որ ռուսական պետական բոլոր լրատվամիջոցները երեկ հայտնեցին, թե երկրի նախագահի ռեյտինգը աճել է և հասել 70 տոկոսի, ամեն օր ռուսաստանցի նոր գործիչներ են հրապարակավ հայտարարում, որ պատերազմը պետք է անհապաղ կանգնեցնել։

Փողոցային բողոքը դեռ մարդաշատ չէ, մարդիկ պարզապես վախենում են։ Այսօր ռուսաստանցիներին կոչով դիմել է անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ «Դուք այլևս չեք կարող սպասել, գնացեք ձեր քաղաքի գլխավոր հրապարակ ամեն աշխատանքային օր՝ ժամը 19-ին կամ 14-ին, կամ հանգստյան, տոնական օրերին։ Ամեն ինչ իր գինն ունի, և հիմա՝ 2022-ի գարնանը մենք պետք է վճարենք այս գինը, ուրիշ ոչ ոք, եկեք պայքարենք պատերազմի դեմ», - գրել է Պուտինի կոշտ ընդդիմախոսը։

Նախօրեին էլ արտասահմանում ապրող ռուսաստանցի ընդդիմադիրները, այդ թվում՝ «Յուկոս»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին, հայտարարել են հակապատերազմական կոմիտե ստեղծելու մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG