«Ազատություն». – Ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ լինի ՀԱՊԿ-ից դիմումը Հայաստանի ներգրավման։ Արդեն պատերազմի օրերին եղել է Փաշինյան – Պուտին հեռախոսազրույց։
Քոչինյան. – Նախ կուզեմ գնահատական տալ մեր լռությանը։ Ինձ թվում է, դա իրատեսական բոլոր տարբերակներից ամենաճիշտն էր, և կարծում եմ, այդ ուղղությամբ էլ պետք է փորձենք շարունակել։ Բայց ինչքան կոնֆլիկտը երկարում է, էնքան էդ ուղղությամբ շարունակելու մեր հնարավորությունները նվազում են։ Եվ սա մեր համար շատ լուրջ սպառնալիք է։ Մեր համար իրականում էս պատերազմի բոլոր ելքերը ունեն իրենց մեջ պարունակող հիմնարար անվտանգային սպառնալիքներ։ Հիմա երեք սցենարի մասին խոսենք։ Առաջինը, որ Ռուսաստանը ջախջախիչ պարտություն է կրում, ուկրաինացիները կարողանում են իրենց տարածքային ամբողջականությունը պաշտպանել, Ռուսաստանը ստիպված է լինում իր զորքերը դուրս քաշել, և Ռուսաստանի մուլտիռեգիոնալ կշիռը էականորեն իջնում է։ Սա իր հետ ավտոմատ բերում է մեր տարածաշրջանում, մեզ համար մեր երկու հարևանների հետ անկառավարելի ռիսկեր, որովհետև նրանք, բնականաբար, առիթից օգտվելու են։ Երկրորդ տարբերակը, եթե Ռուսաստանը հասնում է լիակատար հաջողության և առջև էս պահի դրությամբ դրած բոլոր խնդիրները իրականացնում է, օկուպացնում է կամ ամբողջ Արևելյան Ուկրաինան, կամ Ուկրաինան ամբողջությամբ, սա էլ իր հետ բերում է մեկ այլ, ոչ պակաս էական անվտանգային ռիսկ մեզ համար։ Ռուսական կայսրության վերականգնման էդ իրենց ծրագիր ասենք, նպատակ ասենք, երազանք ասենք, ինքը շատ ավելի ակտուալիզացվում է, և ըստ էության, Ռուսաստանը, արևմուտքում իր հարցերը լուծելով, անդրադառնալու է Հարավային Կովկասին ու Միջին Ասիային։ Իսկ էս բոլոր երկրների մեջ 44-օրյա պատերազմի հետևանքով ամենամեծ կախվածությունը Ռուսաստանից ունի հենց Հայաստանը։ Մտավախություն ունեմ, որ էդ Միութենական պետություն, այլ ինտեգրացիոն գործընթացներ, որ ի վերջո բերելու են ռուսական կայսրության ստեղծմանը, դրա հաջորդ զոհը կդառնա հենց Հայաստանը։ Վերջապես երրորդ տարբերակը, եթե ստեղծվում է մի տարբերակ, երբ Ռուսաստանը ո'չ պարտվել է, ո'չ էլ հաղթել է, և թերևս սա այս պատմության առավել հավանական տարբերակն է, երկրորդ տարբերակի սցենարը մնում է ուժի մեջ, բայց ինքը դառնում է մի փոքր ավելի միջնաժամկետ-երկարաժամկետ կտրվածքի մեջ։ Դա մեզ հնարավորություն է տալիս աշխատելու մեր ինքնիշխանության մակարդակի բարձրացման և մեր կախվածությունը Ռուսաստանից թուլացման ուղղությամբ, որպեսզի ինչ-որ չափով կառավարելի դառնան ռիսկերը Միութենական պետության և Ռուսական կայսրության վերականգնման հետ կապված։
«Ազատություն». – Թե՞ հակառակը. եթե ճգնաժամը սրվում է, Հայաստանն էլ հայտնվում է այդ մերժվածների ցուցակում։ Այսօր ՀԱՊԿ-ում է դաշնակից...
Քոչինյան. – Ինչպես ասացի, այդ ճգնաժամը սրվելը ուղիղ համեմատական է Ռուսաստանի հաղթանակին։ Եթե Ռուսաստանը մինչև վերջ գնում է, և սանկցիաները դառնում են աննախադեպ ուղղակի մակարդակի, էս դեպքում արդեն խոսքը գնում է նոր երկաթե վարագույրի մասին, ապա Հայաստանը հայտնվում է երկաթե վարագույրից այս կողմ։ Ռուսաստանի պարտություն և Ռուսաստանի հաղթանակ, դրանք երկուսն էլ մեզ համար հավասարապես վտանգավոր սցենարներ են։ Մի կողմից թուրք-արդբեջանական, մյուս կողմից հենց ռուսական վտանգ մեզ համար։ Միակ տարբերակը, որը մեջ գոնե միջնաժամկետ հնարավորություն է տալու աշխատել էն ուղղությամբ, որպեսզի մեր կախվածությունը Ռուսաստանից նվազեցնենք, դա այն է, որ Ռուսաստանը ո;չ հաղթի, ո'չ պարտվի էս պատերազմում։ Ստեղծվի ինչ-որ մի հատ ստատուս քվո, ստեղծվի ինչ-որ մի հատ անցումային կարգավիճակ... պատերազմը չավարտվի, հրադարդարվի, ինչպես օրինակ առաջին Արցախյան պատերազմը։ Սա է միակ տարբերակը, որ մեզ գոնե ինչ-որ ժամանակ է տալու։
«Ազատություն». – Փորձել հավասարակշռե՞լ իր արտաքին քաղաքականությունը։
Քոչինյան. – Ոչ թե փորձել հավասարակշռել արտաքին քաղաքականությունը։ Եկեք ավելի կոնկրետ ասենք՝ փորձել իր հարևանների հետ հարաբերությունները կարգավորել։ Որովհետև միակ իրատեսական տարբերակը ռուսական ազդեցությունը Հայաստանի վրա նվազեցնելու, ես ուզում եմ շեշտել, որ էդ ազդեցությունը, նման տեմպերի պահպանման դեպքում, միջնաժանկետ կտրվածքով բերելու է մեր պետականության կորստին, պարզապես մեր պետականության տարրալուծմանը Ռուսաստանի առաջնորդած ինտեգրացիոն գործընթացների մեջ։ Եթե մենք խաղադրույքը ընկալում ենք, որ պետականության հարատևությունն է այլևս, ոչ թե տարածքային վեճերն են մեր հարևանների հետ, ոչ թե միջանցքի հարցն է, ոչ թե Արցախի կարգավիճակն է, այլ հայկական պետականության գոյությունն է խաղադրույքը, ապա մենք էստեղից պետք է հաջորդ տրամաբանական հետևությունը անենք, որ մենք թեկուզև միակողմանի զիջումների գնով, բայց պետք է մեր երկու հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.