Թուրքիան հակված չէ միանալու Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Հաբերթյուրքի եթերում արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, թե այդ պատժամիջոցները կազդեն ոչ միայն ռուսական, այլև եվրոպական և մյուս երկրների տնտեսությունների վրա:
«Ուսումնասիրել ենք, թե մեր տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա, էներգետիկ անվտանգության հարցում, ինչպես նաև օդային տարածքի վրա ինչ հետևանքներ կլինեն: Ընդհանուր առմամբ, մենք միշտ սկզբունքորեն չենք միացել նման պատժամիջոցներին և այժմ էլ հակված չենք միանալու», - նշել է նա:
Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին միանալու համար ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային որևէ պահանջ չի ներկայացվել, ճնշում չի գործադրվել:
Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Անկարայի դիրքորոշման մասին` Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան երկու կողմի հետ էլ հավասարապես երկխոսող երկիր է և որևէ մեկի օգտին ընտրություն անելու շքեղություն չունի. «Եթե մի սխալ կա, մենք պետք է դրա մասին խոսենք: Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա միջազգային իրավունքի խախտում է, և մեր առաջին իսկ հայտարարության մեջ հստակ տեսաք Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում»:
Անդրադառնալով Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների համաձայն Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռազմանավերի համար փակելու որոշմանը` Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան միշտ հավատարիմ է եղել կոնվենցիային և այսուհետ ևս շարունակելու է իր այս մոտեցումը: Նա նաև հայտնել է, որ փետրվարի 27-28-ին ռուսական 4 ռազմանավ նեղուցով անցելու դիմում է ներկայացրել, բայց թուրքական կողմը խնդրել է, որ դրանցից 3-ը վերադառնան, քանի որ նավերը գրանցված չեն եղել սևծովյան ռազմաբազաներում:
Ավելի վաղ Թուրքիայի բարձր ղեկավարությունը հայտարարել էր, թե Ուկրաինայում ծավալվող զարգացումներն արդեն պատերազմի են վերածվել, և իրենք պետք է կատարեն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ այն է` փակել պատերազմող երկրների ռազմանավերի անցումը Միջերկրական ծովից դեպի Սև ծով:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հույս է հայտնել, որ այսօր Մոսկվայի ու Կիևի միջև հնարավոր բանակցությունները արդյունք կտան, Թուրքիան էլ կշարունակի կողմերին իր բարեկամական խորհուրդները տալ:
«Բանակցությունները պետք է ավարտվեն հրադադարի որոշմամբ: Այնուհետև բավարար ժամանակ կլինի քննարկելու քաղաքական հարցերը, իսկ հրադադարի հարցը հրատապ է: Քանի դեռ շարունակվում են բախումներն ու ռմբակոծումները, բանակցությունները արդյունք չեն տա: Ակնկալում ենք, որ նախ հրադադար կհաստատվի», - հավելել է նա:
Կողմերին հրադադար հաստատելու կոչ է արել նաև Թուրքիայի նախագահը. «Ե՛վ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային կոչ ենք անում րոպե առաջ դադարեցնել կրակը և նպաստել համաշխարհային խաղաղությանը»:
Ի դեպ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիության երկրներին հորդորել է Թուրքիայի նկատմամբ էլ նույնքան նրբանկատ լինել, ինչպես Ուկրաինայի` ԵՄ անդամակցության հարցում:
«Կրկին դիմում եմ Եվրամիության անդամ երկրներին՝ խնդրում եմ Թուրքիայի նկատմամբ էլ նույն նրբանկատությունը ցուցաբերեք, ինչպես հիմա Ուկրաինայի: Թե Թուրքիայի հարցը օրակարգ կբերեք միայն այն ժամանակ, երբ որևէ մեկը Թուրքիայի վրա հարձակվի», - ասել է Էրդողանը` հավելելով, որ ողջունում են Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը եվրոպական ընտանիքին, նաև կողմ են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:
Թուրքիան տարիներ շարունակ փորձում է անդամակցել Եվրամիությանը, սակայն հարցը կասեցված է տարբեր, այդ թվում՝ այդ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով։