Ռուսական ուժերը այսօր շարունակել են ռմբակոծել Խարկովը, Ուկրաինայի մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքը:
Ճշգրիտ հարվածով հրթիռակոծվել է նահանգային ոստիկանության շենքը։ Հարվածի հետևանքով հնարավոր զոհերի, վիրավորների մասին այս պահին տեղեկություններ չկան։
Նախօրեին հրթիռակոծվել էին Խարկովի բնակելի շենքեր, կենտրոնական հրապարակը, նահանգային վարչակազմի շենքը։ Նահանգապետ Օլեգ Սինեգուբովն ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Խարկովում 21 մարդ է զոհվել, 112-ը վիրավորվել են։
«Ռոյթերսի» տեսանյութում ռմբակոծված բնակելի շենքեր են, սպանված քաղաքացիների մարմիններ։ Ռմբակոծված շենքերից մեկի հավաքված մարդկանցից մեկն ասել է, որ 6 հրթիռ է տեսել։ Խարկովի մեկ ուրիշ բնակիչ Վիտալի Ռիբասն ասել է, որ իր նկարահանած տեսանյութում չորս սպանվածների մարմիններ կան։
«Ռմբակոծել են բնակելի շենքեր, հարվածել են հրթիռներով, շատ մարդ է զոհվել, Լավրովն ու Պուտինը պարզապես բանդիտներ են, նրանց պետք է դատել», - ասել է նա:
Ռմբակոծված շենքի մոտ հավաքածներից Սվետլանան ասել է․ «Մեզ ռմբակոծում են ռուսները, մենք բոլորս վախենում ենք, մենք ի՞նչ կապ ունենք, մենք հասարակ, շարքային քաղաքացիներ ենք»:
Խարկովի հիվանդանոցի տնօրեն Էդուարդ Ռուդենկոն էլ հայտնել է, որ ռմբակոծությունների հետևանքով ծանր վիրավորներ կան, այդ թվում նաև երկու երեխա։ Հրետակոծության ալիքից տուժել է հիվանդանոցի շենքը, իսկ նկուղը դարձել է ռմբապաստարան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի հրետակոծությունները գնահատել է որպես պետական ահաբեկչություն։ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ռուսական ուժերի հրետակոծությունները նողկալի է համարել, ասելով, թե սա հիշեցնում է 1990-ական թվականներին Սարաևոյի վրա սերբերի հարձակումները։
Մոսկվան պնդում է, որ ռուսական բանակը Ուկրաինայի խաղաղ բնակչությանը չի սպառնում, թիրախավորվում են միայն ռազմական ենթակառուցվածքները։
Ուկրաինայի հարավում ռուսական ուժերն այսօր ամբողջովին գրավել են Խերսոն քաղաքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը. «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողության տակ են վերցրել մարզային կենտրոն Խերսոնը»։
Երեկ երեկոյան Կիևի հեռուստաաշտարակը հրթիռակոծելու մասին Կոնաշենկովն ասել է, որ դա արվել է «Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները կանխելու նպատակով»։
Ուկրաինական կողմի ընդհանուր կորուստների մասին նա ասել է, որ ռուսական ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի 1500 ռազմական օբյեկտներ, շարքից հանել են տասնյակ զենիթահրթիռային համակարգեր, օդանավեր, հազարից ավելի զրահատեխնիկա։
Սեփական կորուստների մասին ռուսական կողմը չի հաղորդում։