Մատչելիության հղումներ

Վարչապետ. Ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի և Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ


«Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ: Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց՝ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ». վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան առավոտյան այս գրառմանը նախորդել էին նախ Ռուսաստանի, ապա և Իրանի հայտարարությունները։ Մոսկվան օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը անթույլատրելի որակեց՝ կոչ անելով նաեւ շահագրգիռ պետություններին գործուն միջոցներ ձեռնարկել նրանց տարածաշրջանից անմիջապես դուրս հանելու համար։

Ապա Թեհրանը հայտարարեց, որ «թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները Իրանի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն»:

Թեև Կրեմլը ոչ մի խոսք չի ասում, բայց Ելիսեյան պալատի փոխանցմամբ, երեկ հեռախոսազրույց ունեցած Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները ևս «կիսել են իրենց մտահոգությունը Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղ սիրիացի վարձկաններ ուղարկելու վերաբերյալ:

Այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ավելի կոնկրետ էր: Նա ասել է, որ հստակ տեղեկություններ ունեն, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի զինյալները հակամարտության գոտի են մեկնել Ադրբեջանի դաշնակից Թուրքիայից:

«Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներ՝ Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն գրել են, որ Թուրքիան սիրիացի գրոհայիններ է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում:

Բոլոր հրապարակումները հենց զինյալների պատմությունների վրա են հիմնված։ Բաքուն և Անկարան այդ հայտարարությունները հերքում են։ Երևանը պնդում է, որ ապացույցներ ունի։

Հայաստանյան իշխանությունն ու ընդդիմությունը ամենախիստ արձագանք ու ընդհուպ պատժամիջոցներ է ակնկալում միջազգային հանրությունից:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ բեկում է տեղի ունեցել. միջազգային հիմնական խաղացողները, ի տարբերություն առաջին օրերի զգուշավոր արձագանքների, սկսում են ճանաչել թե' պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, թե' ռազմական գոտի Թուրքիայից բերված վարձկան ահաբեկիչների ներկայության փաստը. – «Մենք միջազգային հանրությունից սպասում ենք խստագույն դատապարտում Ադրբեջանի հարձակման, թուրքական ներգրավման և վարձկան ահաբեկիչների օգտագործման: Եվ ոչ թե մեզ համար, ոչ թե Հայաստանի համար, ոչ թե Արցախի համար, ոչ թե հայ ժողովրդի համար, այլ միջազգային և համաեվրոպական և համատարածաշրջանային անվտանգության համար»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` քաղաքակիրթ աշխարհը ուրիշ տարբերակ չունի, պետք է օգնի Հայաստանին ու Արցախին Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչներին ու վարձկաններին ոչնչացնելու հարցում։ Այլապես վաղն իրենց դեմ են դուրս գալու. – «Հայ-ադրբեջանական այս կոնֆլիկտի մեջ կիրառվում են վարձկան ահաբեկիչներ, որոնք որ էկել են ձեր քաղաքներում ձեր տները, ձեր շենքերը, ձեր դեսպանատներն են պայթեցրել և ձեր դեմ են պատերազմել, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա... Հետևաբար պետք է հայկական կողմին աջակցել, որ մենք մինչև վերջին վարձկանը ոչնչացնենք: Որ ես ասում եմ օգնություն, նաև նկատի ունեմ սանկցիաների կիրառում: Իրանը հիմա էնպիսի սանկցիաների տակ ա, որ էդքան նավթ ունի, չի կարողանում վաճառել: Արևմուտքի սանկցիաների մասին եմ ասում: Հիմա նույն բանը կարող ա տեղի ունենալ Ադրբեջանի հետ, եթե նա դառնում ա ահաբեկչությունը սնուցող երկիր»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG