Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների այսօրվա հայտարարությանը, որով նրանք կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում և առանց նախապայմանների վերսկսել առարկայական բանակցությունները:
Մինչ Արտաքին գործերի նախարարությունից խոստանում են ավելի ուշ մեկնաբանությամբ հանդես գալ, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը») ասում է, թե հավասարության նշան պարունակող հայտարարությունները գործնականում ոչ մի օգուտ չեն բերի. – «Համաձայնեք, չի կարելի կոչ անել դադարեցնել կրակը, երբ որ քո տան վրա կրակում են: Միակ լավ բանը, ենթադրում եմ, որ սա առաջին, բայց ոչ վերջին հայտարարությունն է, որին կհետևեն կոնկրետ գործողություններ` Ադրբեջանին և Թուրքիային խաղաղության պարտադրելու նաև քաղաքական և դիվանագիտական միջոցներով»:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է համարում այն փաստը, որ համանախագահող երկրները նախագահների մակարդակով են հայտարարություն արել, բայց նաև կարծում է, որ հասցեատեր չունեցող հայտարարությունը արդյունք տալ չի կարող. – «Եթե Ադրբեջանը սկսեց պատերազմը, եթե Ադրբեջանը շարունակում է պատերազմը, եթե Ադրբեջանի ղեկավարը էսօր ասեց, որ` մենք մինչև վերջ կպայքարենք, ինչ իմաստ ունի մեզ դիմել: Էս ձևի դիմումները, կոչերը միշտ պետք է ունենան հասցեատեր: Էդ դեպքում շանս կա դադարեցնել»:
Նրա խոսքով, չնայած միջազգային հեղինակավոր պարբերականները գրել էին, որ Թուրքիան սիրիացի գրոհայիններ է ուղարկում Ադրբեջան` աջակցելու հայերի դեմ սկսված բախումներում, առանձին երկրներից տարածվող հայտարարություններում ևս այդ շեշտադրումը կար, այդուհանդերձ նախագահների համատեղ տեքստում նման որևէ հիշատակում կգտանք: Քաղաքագետը վստահ է, որ դրան դեմ է եղել հենց Ռուսաստանը, քնի որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պաշտոնական մակարդակով այդ մասին ավելի հստակ արդեն իսկ խոսել են:
«Ռուսաստանը չի ուզում էդ թեմայով շատ ծավալվել: Ես կարծում եմ, դա մի քանի գործոնների հետ է կապված: Կարևորագույն գործոններից մեկը նա է, որ Ռուսաստանը նորից ուզում է տեսնել Հայաստանը խնդրողի դերում: Ռուսաստանը չի ուզում մեզ հետ «հավասարը հավասարի հետ» հարաբերություններ հաստատել: Այդ, էդպես է: Ցավում եմ դա: Ռուսաստանը նորից մի բան ուզում է մեզանից կորզել: Օրինակ, որ մենք համաձայնենք, որ ինչ-որ խաղաղապահ ռուսական զորքեր տեղակայվեն Ղարաբաղի այդ կոնֆլիկտի գոտում... կարող է էլի ինչ-որ մի բան: Ես պետք է ասեմ, որ Ռուսաստանը պետք է սովորի, որ այլ ղեկավար է Հայաստանում: Մարդ, որը ուզում է Ռուսաստանի հետ աշխատել, բայց նախկինների պես չի աշխատի Ռուսաստանի հետ, չի ենթարկվի պրիմիտիվ իմաստով: Կհամագործակցի, Ռուսաստանի շահերը հաշվի կառնի... Այստեղ Ռուսաստանն էլ պետք է էդ բարդույթը հաղթահարի», - նշեց Գրիգորյանը: