Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա: Վարչապետ Փաշինյանն այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, այսօր «Անադոլու» գործակալության մամուլի սրահում խոսելով Արցախում վերսկսված ռազմական գործողությունների մասին, հերթական անգամ ընդգծել է Ադրբեջանին սատարելու Անկարայի պատրաստակամությունը:
Հիշեցնենք նաև՝ պաշտոնական Անկարան հերքում է Հայաստանի ՊՆ-ի հայտարարությունը, թե Թուրքիայի զինված ուժերի F-16 օդանավը խոցել է հայկական Զինված ուժերի ՍՈւ-25-ը: