Ադրբեջանին կամ Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունները կրակի վրա յուղ են լցնում, կարծում են Կրեմլում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Մոսկվան դեմ է նման հայտարարություններին, Ռուսաստանը կոչ է անում բոլոր երկրներին, այդ թվում` Թուրքիային նպաստել բանակցություններին վերադառնալուն:
«Ցանկացած հայտարարություն ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին միանշանակ կրակի վրա յուղ լցնել է, մենք կտրականապես դեմ ենք: Կրեմլը կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, նաև Թուրքիային ամեն ինչ անել հրադադարի և այդ հնացած հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական դիվանագիտական միջոցներով վերադառնալու համար», - ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ: Կրելմը պաշտոնապես դեռ չի հայտարարել Պուտին-Ալիև կամ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցների մասին:
Ուշագրավ հայտարարություններ այսօր հնչել են նաև Պետդումայում: Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության շուտափույթ դադարեցմամբ և Ղարաբաղի շուրջ իրադրության կարգավորմամբ, այստեղ որոշիչ դեր պետք է խաղա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը, հայտարարել է Պետդումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել էր Լեռնային Ղարաբաղը միացնել Ռուսաստանին։
Պետդուման այսօր քննարկել և ընդունել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որում կոչ է արվում դադարեցնել ռազմական բախումները, ինչպես նաև առաջարկել է խաղաղ կարգավորման միջնորդական օգնություն: Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատրաստած հայտարարության համաձայն՝ պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, և վճռականորեն դատապարտում են կողմերի կողմից ուժի կիրառումը: Նման չեզոք հայտարություններ արդեն արել են Կրեմլը և Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Այսօր հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ում նախագահության օրոք վերջին պահին` 2011-ին, տապալվեց ղարաբաղյան կարգավորման կազանյան տարբերակը։ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարելի լուծել ուժային ճանապարհով։ Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական, դիվանագիտական միջոցներով։ Ես բազմիցս անձամբ եմ համոզվել դրանում, այդ թվում ՝ երբ երկու երկրների ղեկավարության բանակցությունների ընթացքում հանդես եմ եկել որպես միջնորդ», - գրել է Մեդվեդևը Ֆեյսբուքում:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի կարծիքով՝ կողմերը պետք է «դադարեցնեն կրքերի բորբոքումը, ձերբազատվեն ռազմատենչ հռետորաբանությունից և կանգնեցնեն հակամարտության ռազմական բաղադրիչը»: «Այլապես տարածաշրջանի համար աղետալի հետևանքներից խուսափել հնարավոր չէ», - գրել է Մեդվեդևը:
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական բանակը ռմբակոծում է Հայաստանի Հանրապետության տարածքը, մասնավորապես Վարդենիսի շրջանը, և արդեն կա զոհ խաղաղ բնակչության շրջանում։ Ռուսական լրատվական գործակալություններն այս տեղեկությունը ակտիվորեն տարածում են։
Ռուսաստանցի փորձագետները գրեթե միաձայն հայտարարում էին, որ եթե ռազմական գործողությունները տարածվեն նաև Հայաստանի Հանրապետության տարածք, Ռուսաստանը` որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր և ՀԱՊԿ-ի անդամ, ստիպված է լինելու միջամտել և օգնել հայերին։
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն այսօր ՏԱՍՍ-ին ասել է, որ Հայաստանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` հավելելով, թե այդուհանդերձ բոլոր տարբերակները քննարկվում են։ ՀԱՊԿ քարտուղարությունն սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը, այսօր հայտարարել է կառույցի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը` հավելելով, թե նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել:
Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է վերածվել ռուս- թուրքական հակամարտության, քանի որ այսօր Ղարաբաղում նրանց կարծիքով` որոշվում է, թե ով է հիմնական դերակատարը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանը, թե Թուրքիան: Ադրբեջանն այս պատերազմը սկսել է` համոզված լինելով, որ հիմնական դերակատարը տարածաշրջանում այսօր Անկարան է, կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Արկադի Դուբնովը . - «Թուրքիան պարզապես տարածաշրջանային տերություն չէ, Թուրքիան թյուրքական աշխարհի առաջնորդն է։ Թուրքիան պանթուրքիզմի դրոշակակիր է։ Իհարկե, հենց Թուրքիան է առաջին հերթին կանգնած պատերազմ սկսելու Բաքվի որոշման հետևում։ Ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանն է պատերազմը սկսել: Եվ սկսել է միայն այն պատճառով, որ լիակատար աջակցություն է ստացել Թուրքիայից», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է փորձագետը։