Մատչելիության հղումներ

ՌԴ անվտանգության խորհրդում նշվել է տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման վտանգը


Այսօր Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է ղարաբաղյան պատերազմը։ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված ծայրահեղ վտանգը:

Այսօր Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում։ Այսօր նաև Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը իր սեփական տեղեկատվությունն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա զինյալների տեղափոխման վերաբերյալ, և հենց այդ տեղեկության հիման վրա է արվել Արտգործնախարարության երեկվա հայտարարությունը։

Ռուսաստանի արտգործնախարարության երեկվա տարածած հաղորդագրությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկիչներ Սիրիայից, ազդարարեց Ռուսաստանի էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան պատերազմի շուրջ ընթացող գործընթացներին։ Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունը կարճ հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես ասված է. «Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումներ, մասնավորապես Սիրիայից և Լիբիայից մարտական գործողություններին անմիջական մասնակցության նպատակով: Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարությանը գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»:

Թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, հաղորդագրությունում նշված չէ, սակայն սա առաջին անգամ է, երբ պաշտոնական Մոսկվան խոսում է ղարաբաղյան պատերազմին Սիրիայից տեղափոխված ահաբեկիչների մասնակցության մասին։

Այս հայտարարությանը զուգահեռ փոխվեց նաև պատերազմի լուսաբանման ընդհանուր տրամաբանությունը դաշնային հեռուստաընկերությունների եթերներում։ Թուրքիայի մասնակցությունն այս պատերազմին դարձավ հիմնական հարցը, որ քննարկում են ռուսաստանցի փորձագետներն ու քաղաքական գործիչները` ընդգծելով, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Էրդողանը դառնա Հարավային Կովկասում հիմնական դերակատարը։

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, մասնավորապես, կարծում է՝ Մոսկվան ունի ապացույցներ, որ առնվազն մի քանի հարյուր ահաբեկիչներ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ, և նրանց մի մասը զոհվել է վերջին օրերի մարտերի ժամանակ. - «Ռուսաստանի համար Թուրքիայի այս գործողություններն անընդունելի են, ինչպես նաև ընդունելի չէ այն, որ Թուրքիան ներգրավել է Պակիստանին ղարաբաղյան պատերազմին։ Սա, անշուշտ, նեգատիվ ազդեցություն է ունենալու ռուս-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների վրա»:

Ռուսաստանցի փորձագետները նաև սկսեցին նկատել, որ հայկական բանակը հակառակ կանխատեսումների հաջող դիմակայում է ադրբեջանական հարձակմանը և նույնիսկ կարող է ինքը հարձակման անցնել: Коммерсантъ FM-ի մեկնաբան Դմիտրի Դրիզեն, մասնավորապես, ասում է. - «Չարժե հաշվի չառնել հայկական բանակը։ Այն ունի ոչ միայն հակահարվածի, այլև նույնիսկ հարձակման անցնելու բոլոր հնարավորությունները։ Բացի այդ, Հայաստանն ակտիվորեն շահագործում է այն թեզը, թե ինքը տուժող կողմ է, և դա կարող է դիվիդենտներ բերել»։ Ադրբեջանն այսօր ռուսաստանցի մեկնաբանի կարծիքով` պարտվում է ոչ միայն ռազմական, այլ նաև ինֆորմացիոն դաշտում. - «Այնպիսի դաշնակից, ինչպիսին Ռեջեփ Էրդողանն է, գուցե և օգնում է զենքով և, այսպես կոչված, խորհրդականներով, սակայն քաղաքականապես լրջորեն վարկաբեկում է Ադրբեջանի նախագահին»:

Ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևն էլ ասում է, որ արդեն ակնհայտ է, որ հայկական ուժերն անցել են հակագրոհի, և որ ադրբեջանա-թուրքական ծրագիրը տապալվել է։ Իսկ ծրագիրը հետևյալն էր. - «Առաջինը գրավել Ստեփանակերտը, Քյալբաջարը, Լաչինը, կամուրջ ստեղծել դեպի Նախիջևան և կտրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանից: Քաջ և խելացի հայ զինվորները Բաքվի և Անկարայի այս պլանը տապալել են», - «Ազատությանն» ասել է Եվսեևը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG