Մատչելիության հղումներ

Թեհրան. «Ռազմական տարբերակը հարատև լուծում չի ապահովի»


Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ խոսնակ Սաեդ Խաթիբզահեդը, Թեհրան, արխիվ:
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ խոսնակ Սաեդ Խաթիբզահեդը, Թեհրան, արխիվ:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Սաեդ Խաթիբզահեդն այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությանը:

Նա նշել է, որ երեկ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով զրուցել է հայ և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Զարիֆը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք ու «վերսկսել բանակցային գործընթացը միջազգային իրավունքի շրջանակներում»:

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Խաթիբզադեհի փոխանցմամբ, Իրանը պատրաստ է ունեցած բոլոր հնարավորությունները ծառայեցնել հակամարտության շուտափույթ կարգավորմանը:

«Ոչ մի լավ բան հիմա չի կատարվում, տարածաշրջանն այլևս չունի մի նոր հակամարտություն տանելու կարողություն: Մենք համոզված ենք, որ որքան շուտ վերսկսվեն բանակցություններն, այնքան լավ, և հրադադարի հաստատումը միակ ելքն է: Իրանը վստահ է, որ այս ռազմական տարբերակն այս հակամարտության հարատև լուծում չունի»,- այսօր ասել է ԻԻՀ ԱԳ խոսնակը:

Խաթիբզադեհի խոսքերով, «Իրանն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին և ակնկալում է կրակի դադարեցում»:

«Հրադադարի արագ հաստատումը, ռազմական գործողությունների դադարեցումը և բանակցությունների վերսկսումը խնդիրը լուծելու միակ հուսալի ճանապարհն է: Իրանի քաղաքականությունն այս հարցում երբեք չի փոխվել, Իրանը միշտ փորձել է աջակցել կողմերի միջև երկխոսությանը, մենք համոզված ենք, որ ռազմական տարբերակն այս երկարատև հակամարտության հարատև լուծում չի ապահովի»,- ասել է Խաթիբզադեհը:

Խոսնակն ասել է, որ «դժբատխտաբար, երկու երկրներում էլ խաղաղ բնակիչներն են տուժում այդ կոնֆլիկտից»:

XS
SM
MD
LG