Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ․ Եթե միջազգային հանրությունը հիմա չմիջամտի արցախյան պատերազմին, Կովկասը կդառնա մեծ խնդիր նաև իրենց համար


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ամերիկյան CNBC-ի հետ հարցազրույցում խոսել է Կովկասում սիրիական սցենարի կրկնության վտանգի մասին` նախազգուշացնելով, որ եթե միջազգային հանրությունը հիմա չմիջամտի արցախյան պատերազմին, Կովկասը կդառնա մեծ խնդիր նաև իրենց համար. - «Պատկերացնում եք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա»:

Լրագրողի հարցին, թե արդյոք դա կպատահի, Արմեն Սարգսյանը պատասխանել է. – «Հույս ունեմ՝ ոչ, քանի որ դա մեծ ողբերգություն կլինի բոլորի համար ամբողջ աշխարհում: Դուք նշեցիք, որ Ղարաբաղում 150 հազար մարդ է ապրում, բայց Դուք չհիշատակեցիք, որ նրանք հայեր են, և կապ չունի՝ 150 հազար են, թե՞ 250 հազար: Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստանի մաս է եղել հազարավոր տարիներ: Այն մշտապես բնակեցված է եղել հայերով: Հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը կապում են իրենց հավատքի և պատմության հետ: Նրանք սա ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացման փորձ»:

Հայաստանի նախագահը նույն շեշտադրումներն արել է նաև BBC-ի արաբական ծառայությանը տված հարցազրույցում:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս «Սքայ Նյուզ Արաբիա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի միջամտությանը` հայտարարելով, որ այդ երկիրն ապակայունացնող ուժ է, որը միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին` տեղափոխելով սպառազինություն, ահաբեկիչների, որոնք հավաքագրվել են Սիրիայի` իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից և Լիբիայից:

«Թուրքիան այս հակամարտության ապակայունացնող կողմն է: Նրանք այս նույն քաղաքականությունն են վարել Արևելյան Միջերկրականում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում: Այժմ Թուրքիան նույն քաղաքականությունն արտահանում է Հարավային Կովկաս: Այդ քաղաքականությունը կտրականապես մերժված է. նրանք այստեղ անելիք չունեն», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:

XS
SM
MD
LG