Մատչելիության հղումներ

Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել, կալանավորվելու միջնորդություն կա, նա մեղադրանքը չի ընդունում


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը: Կալանքի քննության նիստի օրը հայտնի չէ։

ԲՀԿ առաջնորդը երեկ երեկոյան ԱԱԾ-ից դուրս գալուց հետո ասել էր, որ այսօր ենթադրվում է իր կալանքի հարցի քննությունը։ Ծառուկյանի փաստաբանը «Ազատությանը» փոխանցեց՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել. - «154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»:

Էմին Խաչատրյանն ասաց, որ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի. - «Ապօրինի, չհիմնավորված մեղադրանք»:

Երեկ ավելի վաղ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Այս միջնորդությունները ներկայացրել էր գլխավոր դատախազը: Խորդարանական ամբիոնից իր ելույթից հետո Ծառուկյանը հայտարարեց, որ գնում է Ազգային անվտանգության ծառություն՝ հարցաքննության, նրան արդեն բակում սպասում էին ԱԱԾ աշխատակիցները (նաև դիմակավոր)` Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Միքայել Համբարձումյանի գլխավորությամբ: Հենց նրա ուղեկցությամբ Ծառուկյանը հեռացավ Ազգային ժողովից։

Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից՝ հայտարարելով` գնում է տուն և կրկին շեշտելով՝ իրեն վերագրվող քրեական գործերը շինծու են. - «Կհարցնեք հիմնական իրավապահ մարմիններին, թող պատասխանեն, որևիցե մի բան իմ հետ կապված չկա, որևիցե մի խնդիր չկա, որևիցե մի հարցով կառավարման հետ ես ոչ մի կապ չունեմ: Կան կառավարիչներ, իսկ մնացածի հետ որևիցե մեկը, եթե բան կա ասելու, կարա գա առերեսման: Սա շինծու, սարքած գործ է, դատարանում կքննվի, բոլորդ դա կտեսնեք»:

Երեկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց Ծառուկյանին առնչվող քրեական գործը, որի համար էլ խնդրում էր նրան զրկել անձեռնմխելիությունից։ «Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար, ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց: Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը` յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ», - նշել էր Արթուր Դավթյանը:

Ի պատասխան ԲՀԿ-ից հնչող հայտարարությունների, թե Ծառուկյանին առնչվող գործը քաղաքական ենթատեքստ ունի, իշխող ուժը հորդորում է հարցը դիտարկել իրավական հարթությունում՝ շեշտելով, որ ընտրակեղծարարությունը լուրջ հանցանք է։ Բացի 2017 թվականի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործից, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Ծառուկյանին առնչվող ևս երկու գործի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա քլաբ» ընկերությանը։ ԱԱԾ-ն հայտնում է, որ Հայաստանի տարբեր վայրերում շահումով խաղերի, խաղատան բիզնես իրականացնող այս ընկերությունն առանց լիցենզիայի է գործել՝ պետությանը պատճառելով մոտ 30 միլիարդ դրամի կամ 60 միլիոն դոլարի վնաս։ Ըստ ԱԱԾ-ի՝ մեկ այլ դրվագով էլ «Օնիրա քլաբը» մոլորության մեջ է գցել պատկան մարմիններին և պետությանը զրկել 40 միլիարդ դրամի չափով ներդրումից:

Իսկ մյուսը Ծառուկյանի հայրենի Առինջի պաշտոնատար անձանց գործողություններին է վերաբերում։ Այս դեպքում նրանք, ըստ ԱԱԾ-ի, պետությանն էական վնաս են պատճառել, երբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը Ծառուկյանին պատկանող ֆիրմա «Նյու» ՍՊԸ-ի կողմից օգտագործվել է որպես արդյունաբերական նշանակության, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է գրեթե 380 միլիոն դրամի կամ 804 հազար դոլարի վնաս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG