Կեսօրին Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ներկայացրեց ԱԺ ամբիոնից:
Լրագրողների հարցին, թե ինչ ելույթ է պատրաստել, Ծառուկյանն արձագանքեց՝ երբեք ելույթ չի պատրաստում, «ինչ որ կա՝ ասում է»:
Ապա ԲՀԿ առաջնորդը մոտեցավ ամբիոնին և ելույթ ունեցավ: Նա շարունակեց պնդել, որ իրեն առնչվող քրեական գործերը շինծու են, հորինված են քաղաքական պատվերով և պատասխանն են Կառավարության հասցեին իր հնչեցրած քննադատության:
ԲՀԿ առաջնորդը կրկին հայտարարեց, որ գործող իշխանությունները ձախողվել են բոլոր ոլորտներում, և Կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի:
Ելույթից հետո Ծառուկյանը հայտարարեց, որ մեկնում է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: