Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու և ազատությունից զրկելու միջնորդություններին ԱԺ-ն համաձայնություն տվեց


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, 16-ը հունիսի, 2020թ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, 16-ը հունիսի, 2020թ.

Այսօր առավոտյան ժամը 10-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական նիստի սկզբում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու միջնորդությունը: Պատմեց, որ այլ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք

ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր, ըստ որոնց` Գեղարքունիքի մարզում անհրաժեշտ ձայներ ապահովելու համար հատկացվել է միլիոնավոր դրամի ընտրակաշառք: Գործով արդեն 2 ձերբակալված կա։

«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար, ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց: Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը` յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ», - ներկայացրեց Արթուր Դավթյանը:


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին հետաքրքրում էր` կա՞ ցուցմունք այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ փող է տվել ընտրակաշառք բաժանելու նպատակով. - «Մենք թույլ տանք` Դուք կալանավորեք, քննեք, քննեք, վերջում պարզեք, որ Պողոսը, Պետրոսը և Մարտիրոսը փող են բաժանել, բայց դե Ծառուկյանն էլ տեղյակ չէր, որ իրենք փող բաժանում էին, դրա համար Ծառուկյանին թողնում ենք: Դուք խորհրդարանին ի՞նչ եք ասելու»:

Միջնորդության մեջ էլ դատախազը գրել էր` անձը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017թ. Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել, որ մասնակցի ընտրություններին պայմանով, որ պետք է ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում: Մարուքյանի հարցից հետո դատախազը ընթերցեց հատված ցուցմունքից. - «Գագիկ Ծառուկյանն իրեն հրավիրել է 17 թվականին, առաջարկել, որ մասնակցի ընտրություններին պայմանով, որ պետք է ապահովի 9 հազար ձայն: Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է համապատասխան անձանց, ովքեր զբաղվում էին ֆինանսական միջոցներով: Իր հետագա արդեն ավելի մանրամասն ցուցմունքի բացահայտման մեջ բնականաբար գումարային ծախսերի պարզաբանումները ևս տրված են»:

Շատ էին հնչում հարցեր նաև իրադարձությունների ժամանակագրության մասին: Գագիկ Ծառուկյանն ու թիմակիցները անընդհատ պնդում են, որ քրեական գործը հունիսի 5-ի իր քննադատական ելույթի հետևանք է, որում Ծառուկյանը խոսել էր կառավարության 100 տոկոսի փոփոխության մասին։ Մինչդեռ գլխավոր դատախազը պնդում է` սա մաքուր իրավական գործընթաց է: Հաստատում է` հիմնական ապացույցներից մեկը՝ փաստաթուղթը, ձեռք է բերվել դեռ փետրվարին, իսկ քրեական գործը հարուցվել է հունիսի 10-ին, քանի որ վճռական դերակատարություն ունեցող ու առանցքային ապացույցները մինչև երեկ երեկոյան դեռ հավաքվում էին:

«Առանցքային ապացույցները որ պահին, նույնիսկ ժամային առումով կարող եմ ասել, բավարար եմ համարել, այդ պահին միջնորդություն եմ նախաձեռնել: Դա նշանակում է, որ եթե ավելի վաղ չեմ նախաձեռնել, հետևաբար այդ ապացույցներն այդ պահին բավարար չեն եղել: Եթե որևէ մեկի մոտ կասկած կմնա ժամանակագրական առումով, ինչ-որ մի պահի ես ցույց կտամ ժամանակագրությամբ, տեսեք, այսօրվա օրը հիշեք, երեկ հուիսի 15-ն էր, հունիսի 15-ին ձեռքբերված ապացույցները և իմ միջնորդության համադրությունը դուք կտեսնեք, և բոլորի համար ակնհայտ կդառնա, որ ապացուցման գործընթացը, այսինքն` ապացույցների ձեռքբերման և գնահատման գործընթացը որևէ ձեզ հայտնի քաղաքական գործընթացի հետ որևէ աղերս չունի», - հայտարարեց Արթուր Դավթյանը:


ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ (ԲՀԿ) Վահե Էնֆիջյանը գործը որակեց շինծու և հայտարարեց` դատախազի ներկայացրած ապացույցներում նշված անուն-ազգանուններով անձանց մեծամասությանը ինքը` որպես կուսակցության հիմնադիր անդամ, չի ճանաչում:

«Ես ենթադրում եմ, որ Դուք ևս առիթ կունենաք Ձեզ հայտնի տեղեկությունները քրեական գործով հայտնելու և ոչ թե այս ամբիոնից ասելու` ում եք ճանաչում, ում չեք ճանաչում», - ասաց դատախազը: Էնֆիաջյանը շեշտեց. - «Իրականում տեղի է ունենում մանիպուլյացիա, ժողովրդին ներկայացնելու և Գագիկ Ծառուկյանի բարի համբավը փորձելու արատավորելու գործընթաց է տեղի ունենում»:


Ընդդիմադիր պատգամավորներն անընդհատ շեշտում էին փաստը, որ 2018 թվականի հեղափոխության օրերին հենց Արթուր Դավթյանն էր խորհրդարան ուղարկել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին կալանավորելու միջնորդությունը, որը ավելի ուշ հետ էր կանչել: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը զուգահեռներ անցկացրեց այս երկու միջնորդությունների միջև. - «Դուք պնդո՞ւմ եք, որ այն, ինչ որ Դուք այսօր անում եք, իրավական գործընթաց է և ոչ քաղաքական հաշվեհարդար: Եվ մի հարց` Դուք անհարմար չե՞ք զգում»:

«Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ, անկախ բոլոր չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության», - եղավ դատախազի պատասխանը:

Ակնհայտ պասիվ էին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Ոչ մի հարց դատախազին և ոչ մի գրանցված ելույթ: Չնայած կանոնակարգին` հարցերին պատասխանել չցանկացավ նաև Գագիկ Ծառուկյանը։ Նա քրեական գործը շինծու անվանեց, ելույթի հիմնական մասն էլ նվիրեց ոչ թե քրեական գործին ու բերված ապացույցներին, այլ իշխանության ձախողումներին և կորոնավիրուսի դեմ պայքարին. - «Համաճարակը ձախողված է, ձեր ցավը տանեմ, ո՞նց էլ բացատրեմ»:


Ծառուկյանն ուշադրություն հրավիրեց հարցի, իր խոսքով, բարոյական կողմին, ասում է` իրեն հարցաքննության կանչելուց հետո ինչո՞ւ բաժին հրավիրեցին նաև իր որդուն. - «Տղան, թող մնա տունը տղամարդ, հերը ստեղ է, հոր հարցը կամ կալանավորեք ժամանակավոր, կամ ինչ»: Ասաց`պատասխանատու է իր նախկին հայտարարությունների համար, բայց մի պահ շփոթվեց. - «Այսօր ես ասում եմ` գործարար եմ, այո, սեփականատեր եմ, կներեք, սեփականատեր եմ, բոլոր կառույցները կառավարվում են, բայց ասենք ես ի՞նչ կապ ունեմ կառավարման հետ»:

Ծառուկյանն իշխանություններին հիշեցրեց նաև միասին անցած ճանապարհը. - «Ինչո՞վ եմ ձեզ խանգարել, բացի աջակցելուց, օգնելուց, ե՞րբ եմ ես որևիցե վատ բան ասել, անընդհատ իմ թիմակիցներին կանխելով, ասելով` ժողովուրդ ջան, չի կարելի, նորմալ է, պիտի համագործակցենք: Էսօր էլ տեսան` Ծառուկյանը խանգարում է»:

Խմբակցությունների անունից ելույթների ժամանակ ԲՀԿ-ից խոսեց Նաիրա Զոհրաբյանն ու հայտարարեց` իրենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ սկսելու են անվստահության գործընթաց. - «Դուք պատասխան եք տալու, եթե ոչ այսօր, ապա վաղը, իսկ այդ վաղը, հավատացում եմ Ձեզ, շատ ուշ չի լինելու»:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց` իրենք չեն մասնակցելու Ծառուկյանին անձեռնխմելիությունից զրկելու քվեարկությանը, հիշեցրեց «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի համատեղ անցած ուղին ու ավելացրեց` երբ «Լուսավորն» էր քննադատում ԲՀԿ-ին, իշխանությունները լուռ էին. - «Էտ ո՞նց եղավ, որ երբ ձեզ պետք ա, «Բարգավաճ Հայաստանը» լավ ուժ ա, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր ա, իր տանը կարելի է գնալ, քեֆ անել, հետո գալ, մեզ ասել` բա գիտե՞ք, բա իմացե՞լ եք` ինչ է եղել»:


«Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճի ու համոզմունքերից դրդված», - խմբակցության անունից ասաց ԱԺ փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանը, ով անդրադարձավ նաև մինչ այդ հնչած մի քանի հայտարարությունների. - «Այստեղ քննվում է մի հարց, որտեղ կոնկրետ մեղադրանք է ներկայացվում, և դրա փոխարեն մենք լսում ենք կորոնավիրուսի հետևանքների մասին Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա: Այո, կորոնավիրուսը բոլոր երկրների վրա շատ վատ ազդեցություն է թողել»:


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց հարցը դիտարկել միայն իրավական հարթության մեջ. - «Մենք լիահույս ենք, որ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի, որ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում, և մենք այդպիսի զարգացման դեպքում մեր որևէ պատգամավոր գործընկերոջը հետ կողջունենք նորից այստեղ` խորհրդարանում»:

Առաջին միջնորդությունը, որ վերաբերում էր Ծառուկյանին քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալուն, փակ գաղտնի քվեարկությամբ ընդունվեց 87 կողմ կողմ ձայնով՝ առանց ընդդիմադիրների մասնակցության։ Այս քվեարկությունից անմիջապես հետո գլխավոր դատախազը ներկայացրեց երկորդը՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ:


Ազատությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ Ծառուկյանը արդեն շենքում չէր: ԱԺ նախագահը տեղեկացրեց՝ կապ է հաստատել ԱԱԾ ղեկավարության հետ, և իրեն փոխանցել են, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է գալ ԱԺ և ելույթ ունենալ: Նույն՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց նաև ազատազրկման մասին միջնորդությունը։ Արդյունքերի ամփոփման պահին ԲՀԿ-ի պատգամավորներն արդեն նիստերի դահլիճում չէին: Ազգային ժողովի համաձայնությունից հետո վարույթն իրականացնող մարմինը` այս դեպքում Ազգային անվտանգության ծառայությունը կարող է դիմել դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG