Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, «Ազատությանը» հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Խաչատրյանն ասաց, որ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել և Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:

Փաստաբանը նաև նշեց՝ քիչ հավանական է, որ նիստը կայանա այսօր, քանի որ շատ են գործի մասին նյութերը և ժամանակ է պետք դրանց ծանոթանալու համար:

Այսօր ավելի վաղ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:

Արթուր Դավթյանը Ազգային ժողովում այսօր ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու միջնորդությունը: Պատմեց, որ այլ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր, ըստ որոնց` Գեղարքունիքի մարզում անհրաժեշտ ձայներ ապահովելու համար հատկացվել է միլիոնավոր դրամի ընտրակաշառք: Գործով արդեն 2 ձերբակալված կա:

«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար, ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց: Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը` յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ», - ներկայացրեց Արթուր Դավթյանը:

XS
SM
MD
LG