Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից


Ազգային ժողովի ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարն այլևս չունի պատգամավորական անձեռնմխելիություն։

Խորհրդարանը գաղտնի քվեարկություններով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` թե' նրան ազատությունից զրկելուն, թե' մեղադրանք առաջադրելուն վերաբերող։ Երկու դեպքում էլ քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ էին քվեարկել: Քվեարկության մասնակցեցին միայն «Իմ քայլի» պատգամավորները:

Չմասնակցելու որոշում կայացրեցին ինչպես Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, այնպես էլ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։ Այս որոշումներից հետո պարզ դարձավ, որ եթե ընդամենը 34 պատգամավոր կողմ քվեարկեր, խորհրդարանն իր համաձայնությունը տված կլիներ:

«ԱԺ կանոնակարգ» օրենքով, պատգամավորի անձեռնմխելությանը վերաբերող որոշումը ընդունվում է ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իշխող «Իմ քայլը» 88 պատգամավոր ունի: Անհրաժեշտ էր, որ մասնակցեին 67-ը, կողմ քվեարկեին նրանց կեսից ավելին:

«Մենք այս ֆարսին և քաղաքական այս աննորմալությանը, այս ցիրկին չենք մասնակցի», - ասել էր ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:

Գագիկ Ծառուկյանը վաղ առավոտից էր Ազգային ժողովում: Երբ ելույթն ավարտվեց ու հայտարարեց, թե գնում է Ազգային անվտանգության ծառություն՝ հարցաքննության, նրան արդեն բակում սպասում էին ԱԱԾ աշխատակիցները (նաև դիմակավոր)` Տնտեսական անվտանգության և կոռուպիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Մiքայել Համբարձումյանի գլխավորությամբ: Հենց նրա ուղեկցությամբ Ծառուկյանը հեռացավ ԱԺ-ից։

Մինչև այդ ԲՀԿ ղեկավարը լրագրողների հետ զրույցում պնդել էր՝ իրեն վերագրվող ընտրակաշառք բաժանելու գործը շինծու է. – «Սա շինծու գործ ա... Իմ հետ քննություն չի կատարվել, որևիցե հարցուպատասխան չկա այդպիսի, որ մեկը ասի Ծառուկյանը ընտրակաշառք 17 թվին տվել ա, որպեսզի ընտրակաշառք բաժանեն: Չկա այսպիսի բան... Մինչև վերջ ես իմ ձայնը չեմ կտրելու, լիարժեք իրականությունը ներկայացնելու եմ»:

Հարցին, թե արդյո՞ք նկատի ունի կառավարության հրաժարականի պահանջը, Ծառուկյանն արձագանքեց. – «Որ ասեմ էլ հարյուր տոկոսին պետք ա փոխի, կարո՞ղ ա նոր եմ ասում: Դրանից էր, որ ցայտնոտի մեջ ընկան, վախի մթնոլորտ... էսօր դուք նայեք ինչ ա կատարվում: Ամբողջ Հայաստանով մեկ ներքին զորքերը սահմանից բերել են, դրել են մարդկանց... Ու իրանք խոսում են, որ ժողովրդի հարյուր տոկոսանոց ձեն վերցնողն են: Թող հիմա գնան տեսնեն կա՞ էդ բանը: Առաջ էղել ա, ո՞վ ա բացառում, բայց հուսով, հավատով... խոստումները պետք ա կատարել»:

Դրանից հետո թե ինչ կատարվեց Ազգային ժողովի բակում, այնքան էլ պարզ չդարձավ․ ԱԱԾ-ն մինչև այս պահը կոնկրետ պարզաբանում չի տվել: լրագրողները փորձեցին ԱԺ նախագահից ճշտել․ այն պահին. երբ Ծառուիկյանը հեռանում էր ԱԺ-ից, նա դեռ անձեռնմխելիություն ուներ:

Արարատ Միրզոյան. – «Իմ տեղեկությամբ, իր ելույթից հետո դուք նկատեցիք, որ պարոն Ծառուկյանը հարցերին էլ չպատասխանեց: Իմ տեղեկությամբ, ինքը մոտեցել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին և ասել, որ ուզում է գնալ Ազգային անվտանգության ծառայություն, ըստ երևույթին իրենց երեկվա սկսված զրույցը շարունակելու»:

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան


Միրզոյանը որևէ ընդհանրություն չի տեսնում 2015-ի իրադարձությունների հետ, երբ ՀՀԿ հայտարարություններից հետո Ծառուկյանը ստիպված եղավ լքել քաղաքականությունը, թողնել ԲՀԿ-ի ղեկավարումը:

Իշխող խմբակցության պատգամավորները պնդում էին, որ գործընթացը իրավական է:

Արարատ Միրզոյան. – «Այն, ինչ որ եղել է այն ժամանակ, եղել է, իմ ընկալմամբ, ուղղակի շանտաժ, որ հագելի Ծառուկյան, մենք ունենք էսինչ-էսինչ կոմպրոմատները, և եթե դու չունենաս մեզ հաճելի քաղաքական վարք, մենք կդիմենք այդ կոմպրոմատներին: Սա շանտաժի լեզու է: Այս վարքագիծը մեր համար կտրականապես ընդունելի չի: Ճիշտ հակառակը, դուք տեսաք, որ անկախ նրանից, թե որևէ ընդդիմադիր ուժ մեզ հաճելի հայտարարություն է անում, տհաճ հայտարարություն է անում` եթե կա զուգահեռ իրավական գործընթաց, այդ գործընթացը պետք է իր հունով ընթանա: Միգուցե ճիշտ հակառա՞կը. քաղաքական հաշվարկները, եթե ընդունենք, որ էդ շանտաժը նորմալ է, իսկ մենք չենք համարում, որ դա նորմալ է, միգուցե քաղաքական հաշվարկները ցույց տային, որ գուցե պետք է բանակցել Ծառուկյանի հետ, չունենալ կառավարության հրաժարական պահանջող խորհրդարանական ուժ, այլ նորից էդպես, ինչպես 15-ին է եղել, ակնարկել, որ ավելի լավ է լեզու գտնենք իրար հետ և այդպես կյանքը շարունակել: Ես կարծում եմ, որ սա այնքան էլ ազնիվ դիրքորոշում չի»:

Այսօրվա քվեարկությանը «Իմ քայլը» խմբակցությունից երկու բացակա կար՝ Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը: Քվեարկությանը մասնակցեցին բոլոր ներկա իշխանականները, նրանց հետ նաև որևէ խմբակցությունում չընդգրկված Արման Բաբաջանյանը։

Լիլիթ Մակունցը պնդում էր՝ Միքայելյանի բացակայությունը առողջական խնդիրներով է պայմանավորված, ոչ թե, օրինակ, Ծառուկյանին առնչվող որոշումներին չմասնակցելու ցանկությամբ: Թագուհի Թովմասյանը վերջերս է մայրացել և չի մասնակցում նիստերին։

Մակունցը հավելեց. – «Քաղաքական ուժերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և հնարավորություն տան, որպեսզի իրավապահ մարմիններն անկաշկանդ իրականացնեն իրենց գործողությունները»:

Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից, ինչը, սակայն, չի նշանակում` նաև մանդատից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG