Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է՝ ծառայության քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով հաշվառվել Երևանի վարչական շրջանների տարբեր հասցեներում: Դա նրանց հնարավորություն է տվել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են իրենց հաշվառման իրական վայրերում, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
«Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար ցանկալի արդյունքներ», - նշված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում երեկ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասի, 149-րդ հոդվածի («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը») 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, 154.2-րդ հոդվածի («Քվեարկության գաղտնիությունը խախտելը») 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցաոռւմներ։
«Քրեական գործի նախաքննությամբ անհերքելի փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 2018թ. մայիս ամսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝ նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։
Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»:
Խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխությունից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինելու հետևանքով՝ իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել», - նաև ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովն այսօր քննարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը: