Այսօր Ազգային ժողովը կքննարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը:
Մինչ այդ, երկուշաբթի երեկոյան իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նիստ անցկացրեց: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նիստի ավարտին հայտնեց, որ գլխավոր դատախազի միջնորդության հետ կապված որոշում են կայացրել: «Բայց մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը դատախազի ելույթից հետո փակ գաղտնի քվեարկությամբ», - ասաց Մակունցը:
Գագիկ Ծառուկյանը երեկ տարածած հայտարարությամբ նշել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի:
Մակունցը, անդրադառնալով ԲՀԿ-ականների և անձամբ Ծառուկյանի այն պնդմանը, թե կուսակցության առաջնորդի դեմ սկսված գործընթացը քաղաքական դրդապատճառներ ունի, ևս մեկ անգամ հավաստիացրեց՝ գործընթացն իրավական է. - «Այն միջնորդությունը, որը ներկայացրել է դատախազությունը, բացառապես իրավական հիմքի հիման վրա ներկայացված միջնորդություն է, և հարցը պետք է դիտարկել հենց այդ տիրույթում և որևէ կերպ քաղաքական երանգ չպետք է տալ, և պետք է զերծ մնանք իրավական գործընթացներին տալ քաղաքական երանգներ»:
ԲՀԿ առաջնորդն ընդգծում է՝ գործերը քաղաքական պատվերով են հորինվել, խորհրդարանական մեծամասնության ղեկավարն էլ շեշտում է՝ իրենք չէ, որ պետք է քննեն գործերը՝ դա իրավապահների աշխատանքն է: «Իրավապահ մարմինները պետք է այդ գործերը քննեն և բոլոր փաստարկները համադրելու, հիմքերը համադրելու արդյունքում տան վճիռ: Այնպես որ, մենք այդ առումով ճիշտ հասցեատերը չենք», - ասաց Մակունցը:
Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: Դրանցից մեկը փաստացի Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ է: Երրորդ քրեական գործի համաձայն էլ՝ Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալության տրամադրված գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներ են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը:
Ընդհանուր առմամբ, ըստ իրավապահների, քննվող գործերի տվյալներով՝ պետությանը պատճառվել է միլիարդավոր դրամների վնաս: