Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամ շարունակ ԱԱԾ-ում հարցաքննության է


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)։ Նույն այդ ընթացքում ԱԱԾ շենքի հարևանությամբ բողոքի ակցիա են իրականացնում ԲՀԿ-ականներն ու Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիները։


Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան պատգամավորի՝ Առինջում գտնվող առանձնատանն էին, խուզարկություն էին իրականացնում, դրան զուգահեռ էլ առանձնատան մոտակայքում Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիներն էին հավաքվել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր էին կենտրոնացել։ Որ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության, ինքը՝ ԲՀԿ ղեկավարն անձամբ հայտարարեց։ ԱԱԾ-ի գործողությունները պատգամավորը քաղաքական հետապնդում որակեց։


«Շանտաժ և վախեցնել, բայց ես էսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ, այսօր ով չի կարողանում անել, պետք է չանի: Պատրաստ եմ ամեն ինչի: 15 թվականից ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել, ես ոչ մի բանի կարիք չունեմ: Ամենակարևորը` ով ինչ խոսք է տվել, ինչ պարտավորություն վերցրել է, պետք է կատարի», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:


Ազգային անվտանգության ծառայությունն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին առնչվող 3 տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց։ Քրեական գործերից առաջինը Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ է։ Ըստ ԱԱԾ-ի՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29 միլիարդ դրամի կամ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ, չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։

Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ էլ երկրորդ քրեական գործի մասին տեղեկացրեց: Սա արդեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերին է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված է եղել ԲՀԿ-ական ղեկավար կազմն ու կուսակցության անդամները:


Ավելի ուշ Ծառուկյանը ուղևորվեց Ազգային ավտանգության ծառայություն հարցաքննության, ԲՀԿ-ականներն ու Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիներն էլ տեղափոխվեցին ԱԱԾ շենքի առջև։ Ոստիկանությունը պարբերաբար հորդորդում է քաղաքացիներին լքել տարածքը, դադարեցնել հավաքը, որը չի թույլատրվում արտակարգ դրության պայմաններում, սակայն Ծառուկյանի աջակիցները չեն հեռանում։ Արդեն կան 100-ից ավելի բերման ենթարկվածներ։

3-րդ քրեական գործի մասին հաղորդագրությունը տարածվեց, երբ Ծառուկյանն արդեն ԱԱԾ-ում էր։ Ըստ դրա` Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը։ ԱԱԾ-ից հայտնում են՝ ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել ավելի քան 370 միլիոն դրամ։


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը համոզված է՝ Ծառուկյանին առնչվող քրեկան գործերը ԲՀԿ-ական ղեկավարի՝ կառավարության 100 տոկոսը փոխելու վերաբերյալ հայտարարության պատասխանն են. - «Էտ որ մինչև մեր հայտարարություն եթե իրենք ունեին տվյալներ, թող ներկայացնեին, թող ներկայացնեին, էտ ո՞նց միանգամից արթնացան»:

«Ազատության» դիտարկմանը, թե կարծիք կա, որ քրեական գործերը մինչ Ծառուկյանի հայտարարությունն են հարուցվել, պատգամավորը կեղծիք որակեց. - «Այն, ինչ այսօր կատարվում է տեղեկատվական դաշտում իշխանությունների կողմից, դիվերսիա է, և սա ունի միայն մի նպատակ` արդարացնել իրենց բռնապետական, լկտի պահվածքը»:

Կառավարության 100 տոկոսը փոխելու մասին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի արտահերթ նիստում էր հայտարարել՝ Փաշինյանի ղեկավարած կառավարության աշխատանքը բոլոր ոլորտներում ձախողված էր համարել։ Դրան հետևել էր իշխանության բավականին կոշտ արձագանքը. վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, թե հավանաբար Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային։

ԱԱԾ դիմաց հավաքված ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում էին՝ իրենք ներքին տեղեկություններ ունեն, որ Գագիկ Ծառուկյանին այսօր ձերբակալելու են։

«Վաղը ևեթ անձեռնմխելիության հարցն են դնելու, մեր ներքին աղբյուրներն են փոխանցում», - ասաց ԲՀԿ-ական Շաքե Իսայանը: Սակայն թե ինչ աղբյուրներից այդ տեղեկությունը, պատգամավորները չէին մանրամասնել։

Ավելի վաղ արդեն մի քանի քրեական գործ է հարուցվել Ծառուկյանի մտերիմներից «Մուլտի գրուպ կոնցեռնի» կառավարիչ Սեդրակ Առուստամյանին վերաբերող։ Առուստամյանը մեղադրյալ է միանգամից երեք առանձին քրեական գործերով։ Դրանցից մեկը վերաբերում է աննախադեպ կաշառքի դեպքի: Ըստ իրավապահների` Առուստամյանը 22 միլիոն դոլար է միջնորդավորված փոխանցել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, որպեսզի բիզնեսը զերծ պահի հարկային միջամտություններից ու ստուգումներից ու ստանա արտոնություններ։ Մյուս քրական գործը վերաբերում է «Հյուսիս հարավ» ճանապարհի շինարարության ժամանակ տեղի ունեցած ապօրինություններին։ Երրորդը Երևանի կենտրոնում «Մուլտի գրուպ»-ի ձեռնարկած շինարարությանն է վերաբերում։ Սեդրակ Առուստամյանն ապրիլից կալանավորված է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG