«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը երեկ 4 ժամ հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը, ԱԱԾ-ում հարուցված ընտրակաշառքի գործի շրջանակներում։
«Ազատություն». - Իշխան Զաքարյանն ԱԱԾ-ում ի՞նչ գործով է հարցաքննվել:
Գեղամ Հակոբյան. - Ընտրակաշառքների հետ կապված հարուցված գործով:
«Ազատություն». - Ի՞նչ հարցեր են ուղղվել, ի՞նչ է ասել պարոն Զաքարյանը:
Գեղամ Հակոբյան. - Բովանդակային առումով չեմ կարող բացահայտել, որովհետև նախաքննական գաղտնիքի հետ կապված խնդիր ունենք, չեմ կարող ցուցմունքի բովանդակություն և դիրքորոշում հայտնել: Գործը վերաբերել է դրան, այսինքն հարցաքննությունը, հարցաքննվել է վկայի կարգավիճակով, բայց կասկածյալի իրավունքներով, քանի որ իրեն ուղղված կասկած կար՝ մասնակցություն հնարավոր է ունեցած լինի: Հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ:
«Ազատություն». - Իսկ պարոն Զաքարյանը այդ կաշառքի հետ կապված գործը չի ընդունո՞ւմ, ի վերջո ինքն է եղել շտաբի պետը ԲՀԿ-ի 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Գեղամ Հակոբյան. - Դիրքորոշման հետ կապված բան չասեմ, երբ որ հնարավոր կլինի, երբ որ թույլատրելի կլինի, ամեն ինչ կասեմ ձեզ, ուղղակի չխախտեմ այդ կարգը:
«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ նա դառնա կասկածյալ վկայից՝ հաշվի առնելով, որ ասացիք՝ կասկածյալի իրավունքներով է հարցաքննվել:
Գեղամ Հակոբյան. - Քանի որ ինքը զբաղվել է որոշակի գործունեությամբ՝ շտաբի ղեկավարն է եղել, այդ առումով ունեցել են որոշակի կասկածներ, ես կարծում եմ, որ դրանք կփարատվեն:
«Ազատություն». - Այսինքն կասկածյալի կարգավիճակ ձեռք չի՞ բերի:
Գեղամ Հակոբյան. - Իմ կարծիքով՝ ոչ, բայց քննությունը ցուց կտա:
«Ազատություն». - Երեկ առավոտյան էլ նրա տունն է խուզարկվե՞լ:
Գեղամ Հակոբյան. - Այո, դատարանի որոշումով խուզարկություն է տեղի ունեցել:
«Ազատություն». - Ինչ-որ բաներ հայտնաբերվե՞լ են, առգրավվե՞լ են:
Գեղամ Հակոբյան. - Ընդամենը իրեն պատկանող օրինական զենքերը, որսորդական հրացաններ, ուրիշ ոչ մի բան:
«Ազատություն». - Այդ զենքերն առգրավվե՞լ են:
Գեղամ Հակոբյան. - Այո, դրանք էլ ստուգման կենթարկվեն և կարծում եմ՝ կվերադարձվեն:
Հիշեցնենք, ԱԱԾ-ն երեկ քրեական գործ էր հարուցել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերի առթիվ։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները:
Նշենք՝ 2017-ին Իշխան Զաքարյանը զբաղեցնում էր ԲՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնը։