Մատչելիության հղումներ

ԶՊՄԿ հեռացված 8 աշխատակիցներն իրենց հաստիքներում չեն վերականգնվել


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, 10-ը փետրվարի, 2025թ.
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, 10-ը փետրվարի, 2025թ.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլի հետևանքով աշխատանքից հեռացված 8 աշխատակիցներն իրենց հաստիքներում չեն վերականգնվել:

Չնայած աշխատանքից հեռացվածների դրական ակնկալիքներին, ընկերությունից հայտնում են՝ հարցը չեն էլ քննարկում, Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության աշխատանքը վերսկսելու բանակցություններում միայն խոստացել են, որ այլ աշխատակիցների չեն հեռացնի:

Իրենց ու հազարավոր գործընկերների աշխատավարձերի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով ցույցերի ամենաակտիվ մասնակիցները, որոնք 11 օր տևած գործադուլի ընթացքում ամենահաճախն էին ելույթ ունենում ու բարձրաձայնում խնդիրների մասին, փաստացի պատժված են: Կոմբինատի ղեկավարությունը նրանց մեղադրեց անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը կազմակերպելու մեջ:

Գործադուլի մասնակիցները սա իրենց վախեցնելու փորձ որակեցին ու շարունակեցին ակցիաները, այդ ամբողջ ընթացքում երկրի ամենախոշոր ընկերությունը կանգնած էր, արտադրանք չէր տալիս: Անցավ մի քանի օր ու ընկերությունը ընդառաջ քայլ արեց՝ հայտարարելով աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մասին: Կողմերը համաձայնության հասան, վերադարձան աշխատանքի, բայց առանց 8 գործընկերների:

Հեռացվածներից Վահե Մխիթարյանը, որը գործադուլի ամենաակտիվ մասնակիցներից էր, ասում է՝ երկու տարբերակ ունեն, նախ կփորձեն հարցը կարգավորել ներքին կարգով, եթե չստացվի, դատարան կգնան:

«Դրա համար սպասում ենք, չենք էլ վռազում, ընթացքից կհասկանանք, եթե վերադասության կարգովը բացառվում ա, արդեն դատական կարգով էլի», - նշեց Մխիթարյանը:

Կոմբինատի ղեկավարությունը խոստացել է աշխատավարձերի նոր համակարգը կիրառել արտադրության վերականգնումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Ընկերությունից հայտնում են՝ արտադրությունն արդեն ամբողջությամբ վերականգնված է, բոլորն ամբողջ ծավալով աշխատում են, աշխատավարձերի համակարգի շուրջ աշխատանքը նույնպես սկսվել է:

Պղնձամոլիբդենայինը նաև երաշխավորել է մինչ այս տարեվերջ օդափոխության ժամանակակից համակարգեր տեղադրել, աշխատակիցները նաև օդի մաքրությունից էին դժգոհում:

Կոմբինատի բաժնեմասերի մոտ 22 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը, մեծ մասը՝ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցվող անձանց ու ընկերություններին։

XS
SM
MD
LG