Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել։ Քննչականից «Ազատությանը» հայտնում են՝ այս պահին նախաքննություն է ընթանում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Այլ մանրամասներ կառույցը չի ներկայացնում։
Շարունակվող գործադուլի ֆոնին՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն օրերս պնդել էր, թե աշխատակիցների մեծամասնությունը պատրաստ է եղել անցնել աշխատանքի, սակայն մոտ 70 անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը և այդ հիմքով դիմել են իրավապահներին:
«Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում», - ասված էր գրության մեջ։
Քննչական կոմիտե հրավիրվածներից մեկը գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանն է: Նա աշխատանքից ազատված 8 անձանցից մեկն է։
Մխիթարյանն ասում է՝ ինքն այս պահին վկայի կարգավիճակ ունի, և բացի իրենից, ՔԿ են հրավիրվել գործադուլի այլ մասնակիցներ։
Արդեն 10 օր աշխատանքի չվերադարձող ԶՊՄԿ աշխատակիցների գնահատմամբ՝ ընկերությունը այսպիսով փորձում է վախեցնել իրենց։
Գործադուլի մասնակիցները հերքում են, թե խոչընդոտում են վերսկսել աշխատանքները, ասում են՝ ցանկացողը կարող է գնալ գործի։
ԶՊՄԿ-ն հայտարարել է, որ ընկերության հետ չառնչվող անձինք «հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում մեր աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը»։ Ընկերությունը մինչ օրս չի տեղեկացրել, թե ովքեր են ընկերությանը չառնչվող անձինք:
Վերջին օրերին «Ազատություն»-ը տեղում բազմաթիվ քաղաքացիների հետ է զրուցել. նրանք բոլորն էլ կոմբինատի աշխատակիցներ են ներկայանում՝ նշում են և՛ իրենց հաստիքը կոմբինատում, և՛ աշխատավարձը։ Հետևաբար նրանք ուղիղ առնչություն ունեն կոմբինատին: