Ուկրաինային ԱՄՆ օժանդակությունը ժամանակավորապես դադարեցնելու Սպիտակ տան որոշումից ժամեր անց այդ երկրի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է աշխատել նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա թիմի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար։
«Իմ թիմը և ես պատրաստ ենք նստել բանակցությունների հնարավորինս շուտ՝ մոտեցնելու տևական խաղաղությունը»,- գրել է Զելենսկին X-ում։
Անուղղակիորեն արձագանքելով Դոնալդ Թրամփի երեկվա քննադատությանը, թե Զելենսկին խաղաղություն չի ուզում, վերջինս գրել է. «Մեզնից որևէ մեկը չի ուզում հարատև պատերազմ», հավելելով, թե պատրաստ է ստորագրել բնական հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը, որը տապալվել էր անցած շաբաթ։
«Ափսոսանք հայտնելով» անցած ուրբաթ Օվալաձև գրասենյակում տեղի ունեցած բանավեճի համար՝ Ուկրաինայի նախագահը պնդել է, թե «հանդիպումը ընթացավ ոչ այն կերպ, ինչպես ակնկալվում էր»։ «Ժամանակն է ուղղել դրությունը։ Մենք կցանկանայինք, որ ապագա համագործակցությունը և հաղորդակցությունը կառուցողական լիներ»։