Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է խաղաղության, քննադատել Եվրոպային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ուղերձն է հղել Կոնգրեսին։ Գրեթե երկու ժամ տևած ուղերձը նվիրված էր «Ամերիկայի վերադարձին» և «ամերիկյան պատմության մեծագույն դարաշրջանի» բացմանը։

Արտաքին քաղաքականությանը Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է միայն իր ելույթի վերջում, իսկ ելույթը եզրափակել է` անդրադառնալով Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը։

Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահից նամակ է ստացել, որտեղ Զելենսկին խաղաղ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։

«Այսօր ես կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց։ Նամակում ասվում է՝ «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղությանը հասնելու համար։ Ոչ ոք ավելի շատ խաղաղության չի ուզում, որքան ուկրաինացիները», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, թե Զելենսկին «ցանկացած պահի» օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիր ստորագրելու պատրաստակամություն է հայտնել։

«Ես աշխատում եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը դադարեցնելու համար», - ասել է Թրամփը՝ շեշտելով․ - «Միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ անհարկի սպանվել կամ վիրավորվել են այս սարսափելի և դաժան հակամարտության ընթացքում, որի ավարտը չի երևում: ԱՄՆ-ը հարյուր միլիարդավոր դոլարներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու համար»։

Ապա ԱՄՆ նախագահը հարց է ուղղել կոնգրեսականներին․ - «Ցանկանու՞մ եք, որ սա շարունակվի ևս հինգ տարի»։

Թրամփը շեշտել է՝ ԱՄՆ-ն շատ ավելի շատ է ծախսել Ուկրաինայի աջակցության համար, քան Եվրոպան:

«Ցավոք, Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթ ու գազ գնելու համար, քան Ուկրաինայի պաշտպանության վրա, մտածեք այդ մասին», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Որոշ դեմոկրատներ լքել են դահլիճը, երբ Թրամփը խոսել է Ուկրաինայից։

Ամերիկայի նախագահը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ագրեսիա չի որակել, նա նաև չի բացահայտել պատերազմի ավարտի շուրջ իր ծրագրերը։

Նախօրեին Զելենսկին X-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումը «չի անցել այնպես, ինչպես ակնկալվում էր» և պատրաստակամություն է հայտնել «որքան հնարավոր է շուտ» նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Թրամփը խոսել է նաև Պանամայի ջրանցքի մասին՝ նշելով, որ ջրանցքն արդեն մասամբ անցել է ԱՄՆ-ի վերահսկողությանը (և ամբողջությամբ կանցնի)։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Գլերանդիան ևս կանցնի ԱՄՆ վերահսկողության տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG