Ընտրություններում ամենաշատ ձայները ստացած, բայց ընդդիմության համախմբման արդյունքում Գյումրիում իշխանությունը կորցրած «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը երեկ Երևանում՝ կուսակցական նիստից հետո «Ազատության» հետ զրույցում դարձյալ կարծիք հայտնեց, որ մեծությամբ երկրորդ քաղաքում կառավարման խնդիրներ են առաջանալու:
«Չորս տարբեր քաղաքական ուժեր, չորս տարբեր մարդիկ, չորս տարբեր գաղափարական մտածելակերպ ունեցող ուժեր չեն կարող երկար... մանավանդ չենք հայտարարել, որ պատրաստվում են կիսել պատասխանատվությունը, կոալիցիա չեն կազմում», - նշեց Մինասյանը:
Թեև ավագանու առաջին նիստից առաջ իշխող ուժից կարծիքներ էին հնչում, որ իրենք էլ պետք է Սարիկ Մինասյանի թեկնածությունը առաջադրեն քաղաքապետի պաշտոնում, բայց ի վերջո այդ քայլին չգնացին: Ինքը՝ Մինասյանը նիստից առաջ նույնիսկ ևս մեկ արտահերթ անցկացնելու առաջարկ էր արել: Մինասյանն իր կարծիքը հիմնավորում է այն հանգամանքով, որ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրած ընդդիմադիր չորս ուժերը կոալիցիոն հուշագիր չեն ստորագրել քաղաքի կառավարման պատասխանատվությունը կիսելու համար: Իսկ ՔՊ-ի հետ որևէ քաղաքական ուժի համագործակցությունը կոալիցիոն հուշագրով կամրապնդվեր, ասում է Մինասյանը:
Նման մի համագործակցության հուշագիր նախորդ ՏԻՄ ընտրություններից հետո ՔՊ-ն «Բալասանյան» դաշինքի հետ կնքեց, բայց 2 տարի անց հենց «Քաղաքացիական պայմանագիրը» խզեց այն, պնդելով, որ քաղաքում ստվերային կառավարում կա, բայց մինչև վերջ այդպես էլ ստվերային կառավարիչի անունը չտվեցին:
Ավագանիում 3-րդ ուժն իր մանդատներով Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքն է: Դաշինքի 5 անդամներ խոստման համաձայն Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկեցին՝ հնարավորություն տալով նախկին քաղաքապետին հինգերորդ անգամ ստանձնել այդ պաշտոնը:
Բայց հետագա քաղաքական պատասխանատվության հարցը բաց է մնում, արդյոք մի՞շտ են կողմ քվեարկելու ու սատարելու Ղուկասյանին, քանի որ քվեարկությունների ժամանակ վճռորոշ ձայները հենց այս խմբակցության ձեռքում են: Մարտուն Գրիգորյանի գրասենյակից «Ազատության»-ը փոխանցեցին, որ առաջիկայում դաշինքի առաջնորդը ասուլիս կտա ու կպատասխանի բոլոր հարցերին: Այժմ նպատակահարմար չեն համարում խոսել: Իսկ 14 մանդատ ունեցող ՔՊ-ն, Սարիկ Մինասյանի փոխանցմամբ, ընդդիմադիր դաշտում կդիրքավորվի:
Երեկ երեկոյան ՔՊ վարչությունում Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն էին ամփոփում: Կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը ևս պնդեց, որ թիմակիցները Գյումրիի ավագանիում ակտիվ են լինելու:
«Եվ, բնականաբար, բոլոր թերությունները, բոլոր կոռուպցիոն ռիսկերը, որոնք Գյումրիի համայնքապետարանում կլինեն, մեր խմբակցությունը կլինի առաջամարտիկը այդտեղ դրանց բացահայտման ու հանրության ներկայացման գործում», - ընդգծեց նա:
Պապոյանը նաև իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին անդրադարձավ, մեղադրանքի սլաքն էլ ուղղեց ընտրողներին. - «Այն, ինչ կա Գյումրիում ակնհայտորեն չի արտահայտում ժողովրդի քվեարկության արդյունքը, որովհետև, օրինակ, քաղաքապետ է մարդ, ով երկու անգամ ավելի քիչ ձայն է ստացել, քան առաջին տեղում հայտնված մարդը: Այստեղ շատ կարևոր ու նուրբ բան կա, մեզ հիմա շատ են մեղադրում, ասում են՝ դե դուք ո՞նց թողեցիք Վարդանիկը դարձավ քաղաքապետ, սիրելի ժողովուրդ, պետք չի մեղադրել մեզ, որովհետև եթե դուք չգնաք ընտրական տեղամաս ու չընտրեք «Քաղաքացիական պայմանագրին», չընտրեք ժողովրդավարությանը, Վարդանիկն էլ, Ռոբն էլ, Սերժն էլ և մյուսներն էլ կվերադառնան ու նորից կլինեն իշխանություն»:
Իսկ որ ԱԺ-ի ընտրություններից առաջ Գյումրիի ՏԻՄ ընտրությունները քաղաքական ուժերի համար իրենց հնարավորությունների գնահատման լավագույն հնարավորությունն էր, այդ մասին հենց ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն էին հայտարարում: