Գյումրիի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանը կարծում է, որ քաղաքում կառավարման խնդիր է առաջանալու:
«Տարբեր քաղաքական ուժեր, չորս տարբեր մարդիկ, տարբեր գաղափարական մտածելակերպ ունեցող ուժեր չեն կարող երկար... մանավանդ չեն հայտարարել, որ պատրաստվում են կիսել պատասխանատվությունը, կոալիցիա չեն կազմում, ակնհայտ չէ՞», - կուսակցության նախաձեռնող նիստից հետո լրագրողներին ասաց նա:
Հարցին, թե ինչպես է ՔՊ-ն գործելու, լինելու է դասական ընդդիմություն, Սարիկ Մինասյանը պատասխանեց. «Որտեղ ասելիք ունենք, անելիք ունենք, այնտեղ լինելու ենք, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ենք, բյուջեի ամեն կոպեկի հետևից գնալու ենք»:
Կոմկուսի առաջադրած թեկնածուն՝ Վարդան Ղուկասյանը, երեկ հինգերորդ անգամ ընտրվեց համայնքապետ, նա պաշտոնապես լիազորությունները կստանձնի ապրիլի 19-ին՝ երդմնակալությամբ: