«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց Գյումրիի ավագանու մանդատից: Ընտրատարածքային հանձնաժողովն այսօր բաշխեց ավագանու 33 մանդատները.
«31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է՝ ուժը կորցրած ճանաչել «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մարտուն Կամոյի գրանցումը: Ո՞վ է կողմ, դեմ: Միաձայն»:
Ընդդիմադիր պատգամավորը միաժամանակ երկու մանդատ ունենալ չէր կարող և փաստորեն նախընտրեց Ազգային ժողովինը:
Գրիգորյանի առաջնորդած դաշինքի ձայներից է կախված երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում: Ինչպե՞ս կվարվեն, արդյոք ուժի մե՞ջ է Ղուկասյանի հետ տարիների հակամարտություն ունեցող Գրիգորյանի հայտարարությունը, թե ավագանու առաջին նիստում կապահովեն անհրաժեշտ քվեները հօգուտ Ղուկասյանի: Ոչ Մարտուն Գրիգորյանը, ոչ էլ նրա դաշինքից ավագանի անցած մյուսները «Ազատության» հեռախոսազանգերին այսօր չպատասխանեցին, ոչ էլ մանդատները բաշխելու օրակարգով ընտատարածքային հանձնաժողովի նիստին էին ներկա:
«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակով ավագանու մանդատներ ստացան Գրիգորյանի մորեղբայրը և ավագ որդին՝ Կարեն Գրիգորյանը, ում ձերբակալել, ապա ազատ էին արձակել ընտրություններից երեք օր առաջ:
Ի տարբերություն Գրիգորյանի՝ ավագանու մանդատը վերցրեց «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար Սարիկ Մինասյանը:
Բայց իշխող ուժից դեռ հստակ չեն հայտարարել՝ ապրիլի 16-ին՝ ավագանու նիստի առաջին օրը քաղաքապետի պաշտոնում առաջադրելո՞ւ են Մինասյանի թեկնածությունը: 14 մանդատ ստացած ՔՊ-ն միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել: Երկու օր առաջ Մինասյանը Ֆեյսբուքում գրել էր, թե առաջիկա օրերին կհայտնի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և իր հետագա քայլերի մասին, բայց մինչ այս պահը հայտարարություն չի արել: Նա ևս հեռախոսազանգերին չի պատասխանում:
«Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ կուսակցությունը հայտարարություն կանի, բայց թե երբ՝ չասաց: Այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը, խոսելով Գյումրիի ավագանիում հնարավոր համագործակցությունների մասին, բացառել էր Վարդան Ղուկասյանի հետ համագործակցությունը:
«Չգիտեմ ինչ են անելու, ես ասում եմ, որ փաստացի ամենամեծ քաղաքական մարմինը էդ ավագանում դա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ա լինելու: Ոչ մեկ միայնակ որոշումներ չի կարող կայացնել», - հայտարարել էր ՔՊ փոխնախագահը՝ հնարավոր համագործակցության մասին հարցը խորհուրդ տալով ուղղել Վարդան Ղուկասյանին. - «Էդ հարցը գնացեք Վարդան Ղուկասյանին տվեք, ասեք՝ ինքը ո՞ւմ հետ ա համագործակցություն փնտրելու, մենք իրա հետ համագործակցություն չենք փնտրելու»:
Ապրիլի 16-ին ավագանու առաջին նիստում հնարավոր անակնկալների մասին հարցին էլ պատասխանեց, թե հասցեատերն ինքը չէ. - «Էդ անակնկալները, չգիտեմ, էնտեղ, տեղից անակնկալ են, էլի, հիմա ինձնից ի՞նչ եք հարցնում: Օրինակ՝ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը էդ գծով ոնց որ արդեն խիստ պրոֆեսիոնալ ա դառել՝ Վարդան Ղուկասյանին էդ իրա միանալու բանը խիստ մեծ անակնկալ էր, սենց մեծ կինդեր սյուրպրիզ էր, էլի, Գյումրու համար»:
Ապրիլի 16-ին ավագանու առաջին նիստը որպես տարիքով ամենաավագ անդամ կվարի քաղաքապետի պաշտոնին հավակնող, մի շարք քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանը: Օրենքի պահանջով առաջին նիստը գումարվում է ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու օրակարգով: