Մատչելիության հղումներ

Սարիկ Մինասյանի Ապրիլի 7-ի շնորհավորանքը սկանդալ է դարձել


Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան, արխիվ
Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան, արխիվ

Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար, ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանի ապրիլյոթյան շնորհավորանքը սկանդալ է դարձել:


Նրա ֆեյսբուքյան գրառմանը վիրավորական տոնով արձագանքել էր Տոմա Սիմոնյան անունով մի օգտատեր, ով գրել էր. «ՔՊ-ից շնորհավորանք ընդունելը ժեխություն է, մարդ ինչքա՞ն ժեխ պտի էղնի, որ ըսոնց ետևից էրտա»: Իշխանական Մինասյանը վիրավորանքին վիրավորանքով էր պատասխանել. «Դու քո էությամբ ես դա, ամուսի՞ն, եղբայր ունե՞ս, համար տուր, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, քեզ ինչ ասենք»:

Այժմ կնոջ մեկնաբանությունն ու Սարիկ Մինասյանի արձագանքը հասանելի չեն, Տոմա Սիմոնյան օգտատիրոջ էջն էլ հնարավոր չէ գտնել, իսկ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի այս պատասխանը որակվում է պաշտոնյանին ոչ հարիր վիրավորանք ու «ռազբորկայի հրավիրելու փորձ»:

Մինասյանն «Ազատության» հեռախոսազանգերին այսօր չպատասխանեց, ավելի վաղ «Ֆակտոր ԹՎ»-ի հետ զրույցում պնդել էր, թե այսպես ասած`«ռազբորկայի» չի կանչել օգտատիրոջը կամ նրա հարազատներին, ամուսնու կամ եղբոր համարն է ուզել, որ բացատրի. «Ուզել եմ, որ բացատրեմ՝ էդ շնորհավորանքը իրեն էլ կվերաբերվի, ինչպես հազարավոր մայրերի, քույրերի։ Ոչ ոք չի քննադատում, որ նա հազարավոր մայրերի ու քույրերի վիրավորել է այդ բառով, իսկ ես որ գրել եմ՝ համար տուր, որ բացատրեմ դա «ռազբորկա՞» է»։

Թե ինչու հենց կնոջը չէր բացատրել իր պաշտոնական էջում ու տղամարդ հարազատների համարն է պահանջել, քաղաքապետի ՔՊ-ական պաշտոնակատարը չի մանրամասնել:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, չարդարացնելով օգտատիրոջը գրառումը, միևնույն ժամանակ նկատում է, որ համայնքապետի պաշտոնակատարը ոչ թե ատելության խոսքն է քննադատել, այլ՝ օգտատիրոջ կին լինելը. «Կնոջ խոսքը ոչ թե դատապարտվում է որպես ատելության խոսք, այլ ընդհանրապես անտեսվում է՝ վկայակոչելով, որ դու կին ես, և դու ունես տերեր, ես կխոսեմ քո տերերի հետ, և նրանք կկարողանան լռեցնել քեզ, և հավանաբար հենց այդպես էլ իրագործվել է այս ամբողջ խնդրահարույց իրավիճակի լուծումը»:

Հարցին, թե այսինքն՝ օգտատիրոջ էջի ջնջվելն արդյո՞ք հենց տան տղամարդկանց որոշմամբ է եղել, իրավապաշտպանը պատասխանեց. «Ամեն դեպքում թիրախավորվել են ընտանիքի տղամարդ անդամները, և կարծում եմ՝ խոսակցությունը կամ կոնֆլիկտի հանգուցալուծումը գնացել է տղամարդկանց ներքին խոսակցության շրջանակներում»:

Հաշվի առնելով, որ պատասխանողը պաշտոնյա է, պետք էր զուսպ լինել, նկատում է իրավապաշտպանը: Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է՝ Գյումրիում ողջ նախընտրական քարոզարաշավն ուղեկցվեց ատելության խոսքի մեծ չափաբաժնով:

Ընդ որում, Սարիկ Մինասյանը կոշտ քննադատության թիրախում հայտնվեց նաև քաղաքապետի թեկնածուների բանավեճից հետո, երբ դրա ընթացքում ասել էր, թե նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք «Լեռնային Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները գումարով իրենց երեխաներին ազատում էին ծառայությունից»: Արցախցիները սա համարեցին իրենց նկատմամբ ատելության խոսք:


Սարիկ Մինասյանը միակ ՔՊ-ականը չէ, որին մեղադրում են քաղաքացիներին վիրավորելու համար, իշխող կուսակցության վարչության անդամ, այսօրվանից արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Գյումրիի ընտրությունների օրը անսթափ վիճակում հայհոյել էր լրագրողին, իսկ դրանից առաջ էլ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր վիրավորել լրագրողին՝ նրանից պահանջելով մաքրել շրթունքները: Քոչարյանը պնդել էր, թե իր խոսքերը վիրավորական չեն, ու ներողություն չէր խնդրել: Վիլեն Գաբրիելյանն էլ թեև միջադեպից հետո մանդատը վայր դրեց, բայց հետո ասաց, թե չի ափսոսում հայհոյելու համար, և որ դա արել ի պատասխան շանտաժի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG