Որքան մոտենում է Գյումրիի քաղաքապետի ընտրության օրը, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» ավելի հաճախ են կարծիքներ հնչում, որ իրենք էլ պետք է թեկնածու առաջադրեն: Երեկ Factor TV-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախագահը խոսեց այդ մասին, այսօր՝ գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանը:
ՔՊ վարչության երեկվա նիստում Սարիկ Մինասյանին տեսանք ամբիոնի մոտ. վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կարճ տեսանյութ հրապարակել: Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր, ավելի ուշ տեղեկացրեց կուսակցությունը: Բայց ոչ մի կոնկրետություն:
Վերջնական որոշումից Էմմա Պալյանը տեղյակ չէր, բայց պատգամավորը ևս կարծում է, որ ընտրության օրը՝ ավագանու առաջին նիստում Սարիկ Մինասյանը պետք է առաջադրվի քաղաքապետի թեկնածու:
«Դա պայմանավորված է նրանով, որ գյումրեցիների կողմից ամենաշատ վստահության քվեն ստացել է պարոն Սարիկ Մինասյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:
Գյումրիի ընտրությունների արդյունքներով ամենաշատ՝ թվով 14 մանդատ իշխող ՔՊ-ն է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քվեները բավարար չեն: Առնվազն 17 ձայն է պետք: Ավագանի անցած մյուս 4 ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով ֆիգուրանտ Վարդան Ղուկասյանի ընտրությանը:
Երեկ լրագրողի հարցին՝ Սարիկ Մինասյանը չի ընտրվելու, նպատակը ո՞րն է նրան առաջադրելու, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձեց. - «Ի՞նչ գիտեք չի ընտրվելու»:
Ո՞րն է իշխանության հաշվարկը: Էմմա Պալյանն ասում էր՝ տեղեկություններ ունի, որ Վարդան Ղուկասյանի թեկնածության առաջմղումը ընդդիմության մոտ էլ է դժգոհություններ առաջացրել: Մարտուն Գրիգորյանի թիմակիցները, հայտարարեց, հաշտ չեն իրենց առաջնորդի որոշման հետ:
«Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կհամախմբվեն Վարդան Ղուկասյանի շուրջ: Արդյոք կան բանակցություններ ընդդիմադիր ուժերի հետ, և դուք ունե՞ք հաշվարկ, թե հնարավոր է արդյոք, այսպես ասած, նրանց դաշինքը փլուզել և մինիմում 17 քվեն ապահովել քաղաքապետի ընտրության համար», - «Ազատության» այս հարցին Էմմա Պալյանն արձագանքեց. - «Որևէ բանակցություններ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ չկան, բայց լինելով գյումրեցի, ոչ միայն Ազգային ժողովի պատգամավոր, ես ունեմ տեղեկատվություն, թե ինչ է կատարվում հենց ընդդիմադիր դաշտում: Մարտուն Գրիգորյանը հայտարարություն տարածեց, որ բավարար ձայներ կապահովի, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, բայց դրանից ընդամենը երկու օր անց իր թիմակիցներից մեկը Հանրայինի եթերով բոլորովին այլ բան ասեց և առաջարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին, որպեսզի վերջինս դառնա քաղաքապետ: Գյումրին փոքր քաղաք է, և մենք, ես ինքս ունեմ նման տեղեկատվություն, որ Մարտուն Գրիգորյանի թիմակիցները, էսպես ասած, դժգոհ են որոշումից իրենց առաջնորդի և, մեղմ ասած, հաշտ չեն դրա հետ: Նույն էդ ընդդիմադիր դաշտում չկա որոշակիություն, կողմնորոշված չեն էդ մարդիկ»:
«Ես չասացի, որ հույսը էդ հաշվարկն է, ես ուղղակի նշում եմ, որ, նորից վերահաստատում եմ իմ ասածը, որ 17 հազարից ավել ձայն ստացած թեկնածուն, ճիշտ կլինի, որ իր թեկնածությունը առաջադրի որպես քաղաքապետի: Մնացածը՝ ինչ արդյունք կունենանք, ինչ կլինի, պարզ կլինի ապրիլի 16-ին», - հավելեց գյումրեցի պատգամավորը:
Իշխանական պատգամավորը նկատի ունի նաև կիրակի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում «Մեր քաղաքը» դաշինքի ուժերից «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանի հայտարարությունը. - «Կա 4 ուժ ընդդիմադիր և մեկ ուժ իշխանական; Իշխանական ուժը, ընդունելով իր պարտությունը, չի առաջադրում քաղաքապետի թեկնածու: Այդ դեպքում Մարտուն Գրիգորյանը նույնպես կներկայանա որպես քաղաքապետի թեկնածու»:
Այս հայտարարությունը գնահատվեց ընդդիմության պայմանավորվածություններին հակասող: 6 մանդատ ստացած դաշինքը գլխավորում է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Նա ընտրություններից հետո 5 օր լռեց, հետո հայտարարեց, որ կաջակցեն ընդդիմադիրների մեջ ամենաշատ ձայներ ստացած Վարդան Ղուկասյանի ընտրությանը: Եթե անակնկալներ չլինեն, ընդդիմության ձայները կբավարարեն, որ Ղուկասյանը 13 տարվա ընդմիջումից հետո կրկին դառնա Գյումրիի քաղաքապետ:
Ակնհայտորեն արձագանքելով մեծ իրարանցում առաջացրած Թարվերդյանի հայտարարությանը՝ Գրիգորյանը Ֆեյսբուքում պնդել է՝ իրենից բացի դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ ու ղեկավար չի կարող հանդես գալ, իսկ մնացած հայտարարությունները կապ չունեն իր ու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հետ։
Այս դաշինքին մաս կազմող՝ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը, իր հերթին, հայտարարել է՝ իրենց տեսակետը համահունչ է Գրիգորյանի տեսակետին, իսկ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառում են։
Թարվերդյանի հայտարարությունը որակեցին մասնավոր, դաշինքի պաշտոնական տեսակետը չարտահայտող կարծիք։
«Ազատության» հետ զրույցում Երվանդ Թարվերդյանը պնդեց՝ ինքը նոր մշակույթ է առաջարկել ներդնել, չի պնդել իր առաջարկը: «Ոչ մի հակասություն իմ և դաշինքի մյուս կուսակցության ղեկավարի և դաշինքը ղեկավարող անձի մեջ չկա», - վստահեցրեց նա:
Իշխանությունը որպես ընդդիմության շարքերում տարաձայնությունների ապացույց նաև Թարվերդյանի հայտարարությանն էր հղում անում: 2021-ին ստեղծված, Երևանի քաղաքապետի ընտրությանը մասնակցած, ավագանի չանցած կուսակցության ղեկավարը Գյումրիում իշխանության հետ դաշինքը բացառեց, բայց ՔՊ-ի հետ հետագա համագործակցությունը՝ ոչ:
«Վարդան Ղուկասյանի թեկնածությանը ես դեմ եմ, դուք դեմ եք, մյուսը, դա ավագանին է որոշելու, եկեք սպասենք՝ տեսնենք», - նշեց Թարվերդյանը՝ «Ազատության» հարցին. թե իր քաղաքական ուժը ներկայացնողները քանի՞ հոգի են լինելու ավագանիում, արձագանքելով. - «Մեր քաղաքական ուժից ավագանում ներկայացուցիչ չի լինելու: Ցուցակ ունեցել են, դրա առաջին համարները եղել են «Հայրենիք» կուսակցությունից, և անկուսակցական էլ կա, եթե չեմ սխալվում: Մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները ազդեցություն չեն ունենալու ընտրության արդյունքների վրա: Գլոբալ մոդել եմ ներկայացրել»:
Գյումրիի ընտրություններին մասնակցած որևէ ուժ վերջնական արդյունքները դատարանով չի վիճարկել, բողոքարկման վերջնաժամկետի ավարտին «Ազատությանը» տեղեկացրեցին Դատական դեպարտամենտից: Դա նշանակում է, որ Գյումրիի ավագանու մանդատները կբաժանվեն ապրիլի 14-ին, մինչ այդ ինքնաբացարկներ կարող են լինել, դրանից հետո՝ նաև մանդատից հրաժարումներ: Ապրիլի 16-ին առաջին նիստը կգումարվի, որտեղ քաղաքապետը կընտրվի գաղտնի քվեարկությամբ:
Ի՞նչ կարող է տեղի ունենալ այս մեկ շաբաթում, եթե իշխանությունը թեկնածու առաջադրի, արդյոք ընդդիմության շարքերը կերերան:
Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը վստահ է՝ իր առաջնորդած խմբակցությունից հօգուտ իշխանության մտքափոխվողներ չեն լինի:
Մարտուն Գրիգորյանը Ղուկասյանին աջակցելու իր հայտարարությունից չի հրաժարվել: Մյուս երկու ուժերն ընտրություններից անմիջապես հետո էին ասել՝ կսատարեն Գյումրիի նախկին քաղաքապետին: