11:30
Վարդան Ղուկասյանը 18 կողմ ձայնով ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար:
10:31
Կոմկուսը Վարդան Ղուկասյանի թեկնածությունը առաջադրեց:
«Մայր Հայաստան»-ը, ինչպես նաև «Իմ հզոր հայանք»-ը թեկնածու չառաջադրեցին: Նրանք վերահաստատեցին, որ քվեարկելու են Ղուկասյանի օգտին:
«Մեր քաղաքը» խմբակցությունն էլ հայտարարեց, որ քվեարկելու են ընդդիմության միասնական թեկնածուի օգտին:
09:42
Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստն է, որի ընթացքում պետք է քաղաքապետ ընտրվի: Քիչ առաջ քաղաքապետարան ժամանեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը: Հենց նա է քաղաքապետի հավանական թեկնածուն:
Գյումրիի ընտրությունների արդյունքներով ամենաշատ՝ 14 մանդատ «Քաղաքացիական պայմանագիրն» է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քվեները բավարար չեն, առնվազն 17 ձայն է պետք: Ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն նախկին քաղաքապետ Ղուկասյանի ընտրությանը:
Հարցին, թե կադրային ջարդ անելո՞ւ է, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ ոչ:
Առաջին նիստը հենց նա է վարում՝ որպես ամենատարեց անդամ։
«Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, չի պատրաստվում մասնակցել այս նիստին: Նիստը նախատեսված է ժամը 10:00-ին: Հենց այդ ժամանակ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում քաղաքի կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է, և անհրաժեշտ են նոր ընտրություններ:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու», - նշել է նա: