Մատչելիության հղումներ

Խորհրդային միության փլուզումից հետո Կոմկուսը վերադառնում է Գյումրի. Դավիթ Առուշանյան


Խորհրդային միության փլուզումից հետո Կոմկուսը վերադառնում է Գյումրի, հեգնում է Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով ավագանու առաջին նիստում ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ ընտրվելու հավանականությանը:

«Իսկ էն թեկնածուները, որոնց քաղաքացիները ձայն են տվել, երևի թե պատրաստվեն պիոների վզկապներով գնալ ավագանու նսիտերին: Սաղ աշխարհ առաջ է գնում, Գյումրին հետ է գնում, ակրմիր վզկապներով պիտի գնան ավագանու նիստերին», - ասաց Առուշանյանը:

Գյումրիի ընտրությունների արդյունքներով ամենաշատ՝ 14 մանդատ իշխող ՔՊ-ն է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քվեները բավարար չեն, առնվազն 17 ձայն է պետք: Ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի ընտրությանը:

Չնայած այս հանգամանքին՝ ՔՊ-ից ավելի ու ավելի հաճախ են ասում, որ իրենք էլ պետք է իրենց ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանի թեկնածությունը առաջադրեն: Առուշանյանը, որ իշխող ուժի նախընտրական շտաբի ղեկավարն էր, այսօր կառավարության նիստից հետո ասաց՝ այս հարցում հստակություն կմտնի ապրիլի 14-ին, երբ կբաշխվեն ավագանու մանդատները: ՔՊ-ում սպասում են այդ օրվան ու նոր միայն պաշտոնապես կհայտարարեն՝ կառաջադրեն Սարիկ Մինասյանին, թե՝ ոչ:

Եթե առաջադրելու են, ապա ի՞նչ ակնկալիքով, երբ 14 մանդատը բավարար չէ իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրելու համար, մյուս ուժերն էլ Ղուկասյանին աջակցելու իրենց հայտարարությունից մինչև այսօր ետ չեն կանգնել: Առուշանյանը այս հարցին հստակ պատասխան չտվեց. - «Կառաջնորդվեմ պաշտոնական հայտարարությամբ, և կսպասենք, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն: Պաշտոնական հայտարարության ժամանակ հստակ դիրքորոշում կհայտնի»:

ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն անցած տարիներին մի շարք համայնքներում պարտվել է, բայց հետո կարողացել է իշխանության գալ տարբեր սցենարներով, օրինակ, գործող համայնքապետին անվստահություն հայտնելով ու իր կողմը տանելով այլ խմբակցությունների անդամների, որոնք ապահովել են պակասող ձայները: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե մյուս համայնքների օրինակներով ՔՊ-ն Գյումրիում էլ «մարդաորսությամբ» կարողանա իրենց օգտին քվեարկողներ ապահովել:

«Մենք երբևիցե մարդագողությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են, եղել են օրենքի սահմաններում և մենք չենք պատրաստվում Գյումրիում որևիցե նման գործողություններով զբաղվել», - պատասխանեց Դավիթ Առուշանյանը:

Ինքը՝ Վարդան Ղուկասյանը վստահ է, որ իր առաջնորդած խմբակցությունից հօգուտ իշխանության մտքափոխվողներ չեն լինի: Նա միաժամանակ չէր բացառել իր ձերբակալվելու հեռանկարը:

Գյումրիի նախկին քաղաքապետն անցնում է պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման, նաև ապօրինի հարստացման գործերով: Նախընտրական քարոզչության ընթացքում էլ մի վարույթ ավելացավ՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը հոդվածով, որով Ղուկասյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել: Վերջին օրերին նրա դեմ երկու հաղորդում է դատախազություն ուղարկվել՝ ԼԳԲՏ համայնքին թիրախավորելու, ատելության խոսք տարածելու համար:




XS
SM
MD
LG