Մատչելիության հղումներ

Թրամփը դժգոհ է, որ Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան


Դնեպրոպետրովսկ մարզը ռուսական հարվածից հետո, Ուկրաինա, 8-ը ապրիլի, 2025թ.
Դնեպրոպետրովսկ մարզը ռուսական հարվածից հետո, Ուկրաինա, 8-ը ապրիլի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահը դժգոհ է, որ ռուսական զորքը ռմբակոծում է Ուկրաինան, մինչ Վաշինգտոնը փորձում է հակամարտության խաղաղ կարգավորման հասնել։ Սպիտակ տան Օվալաձև սենյակում Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և «որոշ չափով մոտ են» համաձայնությանը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

«Ես դժգոհ եմ, թե ինչպիսի ռմբակոծություններ են տեղի ունենում, քանի որ հենց հիմա Ռուսաստանը ռմբակոծում է խենթի պես ... Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Դա լավ իրավիճակ չէ»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Այս ֆոնին այսօր Ուկրաինայի նախագահն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ ուկրաինական զորքերը մտել են Ռուսաստանի Բելգորոդի մարզի տարածք։ «Մենք ներկա ենք թե՛ Կուրսկի և թե՛ Բելգորոդի մարզերում։ Շարունակում ենք ակտիվ գործողություններ իրականացնել թշնամու տարածքում սահմանամերձ շրջաններում, և դա ավելի քան արդարացի է, որովհետև պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է»,- տեսաուղերձում նշել է Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ գործողությունների նպատակը հարևան Սումիի և Խարկովի շրջանների ուկրաինական բնակավայրերի պաշտպանությունն է, որոնք պարբերաբար գնդակոծությունների են ենթարկվում։

Այսօր առավոտյան Կիև են ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը, արտգործնախարար Մաքսիմ Պրևոն և պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։ Ըստ Պրևոյի՝ «սա ավելին է, քան խորհրդանշական ժեստը»։ «Սա համերաշխության, հույսի և անսասան աջակցության առաքելություն է ուկրաինացիների այն սերնդի համար, որոնք պայքարում են իրենց ազատության և իրենց ապագայի համար»,- X-ում գրել է նախարարը:

Քաղաքական գործիչները նախ կուղևորվեն Բուչա քաղաք, որը, ինչպես գրել է Բելգիայի արտգործնախարարը, դարձել է «սարսափի և դիմակայության խորհրդանիշ»:

Այսօր Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ դրամաշնորհի տեսքով 416 միլիոն եվրո կտրամադրի 2025 թվականին Ուկրաինայի համար հրետանային զինամթերք ձեռք բերելու չեխական նախաձեռնությանը:

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց: Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ ռուսական զորքն ամենաակտիվ հարձակումներն իրականացնում են Պոկրովսկի, Լիմանի և Կուրսկի շրջաններում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է, որ ուկրաինական անօդաչուներ է խոցել Կուրսկի և Բելգորոդի շրջաններում:

Մինչ ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ապրիլի 10-ին նախատեսվում է Ուկրաինային օգնել կամեցող 30 երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որոնք պետք է շարունակեն Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո տեղակայվելիք ուժերի հարցը: Նախաձեռնության հիմնական խնդիրն այն է, որ շատ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ասել են, որ այս առաքելության տեղակայումն անհնար կլինի առանց ԱՄՆ-ի: Մինչդեռ ԱՄՆ-ից դեռ հստակ ազդակ չի ստացվել, որ պատրաստ է օգնել:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չի կարծում, որ Վաշինգտոնում կա դա անելու քաղաքական կամք, բայց Եվրոպան, այնուամենայնիվ, պետք է առաջ տանի իր ծրագրերը:

«Եթե պարոն Պուտինը նայի ցանկապատից այն կողմ և տեսնի [Ուկրաինային աջակցել] կամեցողների մեծ կոալիցիա, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, նա դադար կվերցնի»,- ասել է նա։

«Ռուսական բանակը պարտված է: Այն խիստ կարիք ունի, որ Միացյալ Նահանգները խաղաղություն ապահովի, որպեսզի նրանք ժամանակ ունենան կարողանան վերազինվել և վերականգնվել: Դա կլինի ամենամեծ նվերը, որ մենք երբևէ տված կլինենք Ռուսաստանին, որպեսզի հնարավորություն տանք վերականգնվի»,- հավելել է նա:

Դեռ պարզ չէ, թե արդյոք Գերմանիան կմասնակցի որևէ ռազմական ներկայության Ուկրաինայում: Փետրվարին տեղի ունեցած ընտրություններից հետո երկիրը գտնվում է քաղաքական անցումային փուլում, նոր՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները շարունակվում են:


XS
SM
MD
LG