Սիրիան պատրաստ է ռազմավարական համագործակցության աստիճանի հասցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, երեկ հայտարարեց այդ երկրի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան։ Նա Անկարա էր ժամանել թուրքական պետական ինքնաթիռով և գրկաբաց ընդունելության արժանացավ Ռեջեփ Էրդողանի կողմից։ Լրատվամիջոցները դեռ ասուլիսից առաջ էին հաղորդել՝ Սիրիայի առաջնորդը, որ անցած դեկտեմբերին նաև Թուրքիայի աջակցությամբ տապալեց Բաշար ալ-Ասադին, այժմ մտադիր է երկրում թուրքական ռազմական բազաներ տեղակայել։
«Մենք միասին աշխատում ենք դեռևս չլուծված խնդիրների, իսկ որ ամենակարևորն է՝ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքներին հակադարձելու միասնական ռազմավարություն ստեղծելու շուրջ, որը կերաշխավորի Սիրիայի ու Թուրքիայի ժողովուրդների տևական խաղաղությունն ու անվտանգությունը», - Էրդողանի հետ հանդիպմանն ասաց ալ-Շարաան։
Էրդողանն առաջին իսկ հանդիպմանը հստակ առանձնացրեց՝ որն է իր համար ամենակարևոր թեման․ Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումները, որոնք տարիներ առաջ Միացյալ Նահանգների հետ համատեղ պայքարում էին «Իսլամական պետության» դեմ, պետք է լուծարվեն, իսկ Քրդական աշխատավորական կուսակցության անդամները՝ արտաքսվեն։ Հակառակ դեպքում Էրդողանը սպառնում է հարցը լուծել ռազմական ճանապարհով, ինչպես արել է արդեն մի քանի անգամ՝ ներխուժելով Սիրիա։
«Ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել այն ամուր հանձնառությունից, որ ի ցույց է դնում իմ եղբայր Ահմեդ ալ-Շարաան՝ ահաբեկչության դեմ։ Ես նրան ասացի, որ մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցությունը տրամադրել Սիրիային՝ ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարելու համար, լինի դա Քրդական աշխատավորական կուսակցությունը, թե Իսլամական պետությունը», - հայտարարեց Թուրքիայի նախագահը:
«Հանուն մեր երկրների ու տարածաշրջանի անվտանգության՝ մենք այլ ելք չունենք, քան միավորել մեր ուժերը՝ միևնույն նպատակին հասնելու համար», - ընդգծեց Էրդողանը։
Ալ-Շարաան, իր հերթին, հայտարարեց՝ ուզում է երկկողմ կապերը հասցնել ռազմավարական համագործակցության։
Մինչ այդ՝ երեկ, Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, թե կողմերը կարող են պաշտպանական դաշինք ստեղծել, ինչը հնարավորություն կտա Անկարային Սիրիայի տարածքում ավիաբազաներ տեղակայել, ինչպես նաև Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով օգտագործել։ Թուրքիան նաև կարող է առաջատար դեր ստանձնել նոր սիրիական բանակի ստորաբաժանումների ստեղծման գործում՝ առավել ակնհայտ դարձնելով Անկարայի ընդարձակվող ազդեցությունն այս տարածաշրջանում, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։
Այս ֆոնին առավել տեսանելի է Իրանի բացակայությունը, որը Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի հենարանն էր տևական ժամանակ։ Փաստացի, Սիրիայի իշխանությունը ստանձնելուց հետո՝ անցած ավելի քան մեկ ամսում, ալ-Շարաան Դամասկոսում տասնյակ միջազգային առաջնորդների է ընդունել, նրանց թվում որևէ մեկն Իրանից չէր։ Միջազգային շրջագայություններն էլ ալ-Շարաան սկսեց՝ մեկնելով նախ Սաուդյան Արաբիա, ապա՝ Թուրքիա, որոնց հետ Իրանը տևական պայքարի մեջ է՝ տարածաշրջանում ազդեցությունը կիսելու համար։ Եվ այսօր Թեհրանում նույնիսկ պահպանողական լրատվամիջոցներն են փաստում՝ ալ -Շարաայի այցը Ռիյադ ու Անկարա վկայում է, որ Դամասկոսը դուրս է եկել Թեհրանի ազդեցության գոտուց։
Իրանից բացի, Ասադի մյուս հենարանը Ռուսաստանն էր տասնամյակներ շարունակ, որն էլ ապաստան տվեց նրա ընտանիքին իշխանափոխությունից հետո։ Անցած շաբաթ Կրեմլը Դամասկոս էր գործուղել դիվանագիտական պատվիրակություն՝ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի նախագահությամբ։ Reuters-ը, հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների, հաղորդել էր, թե Ռուսաստանն օրակարգ է բերել Սիրիայում ռազմավարական նշանակություն ունեցող իր ռազմաբազաները պահպանելու հարցը, ինչի դիմաց ալ -Շարաան պահանջել է Մոսկվայից արտահանձնել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։ Կրեմլի խոսնակը հրաժարվել էր հաստատել կամ հերքել այս հաղորդումները։ Երեկ, սակայն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է՝ Արևմուտքը փորձում է դուրս մղել Ռուսաստանին նաև այս տարածաշրջանից։
«Սիրիական կարգավորումից Ռուսաստանին, Չինաստանին ու Իրանին դուրս թողնելու փորձերը հազիվ թե բարի նպատակներ են հետապնդում, դրանք ամեն դեպքում բացահայտում են իր մրցակիցներին երկրորդական դիրքեր մղելու՝ Արևմուտքի փորձերը», - հայտարարել է Լավրովը:
Արտաքին դերակատարների այս պայքարի ֆոնին առայժմ միայն Վաշինգտոնն է հայտարարել, որ Սիրիայում անցած տարեվերջին տեղի ունեցածին միջամտելու մտադրություն չունի։ «Դա մեր կռիվը չէ», - հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսօր էլ ամերիկյան NBC News-ը, հղում անելով երկու աղբյուրների, հաղորդեց, թե Պենտագոնը ծրագիր է մշակում Սիրիայում գտնվող ամերիկացի 2 հազար զինվորներին դուրս բերելու համար։ Դա, ըստ լրատվամիջոցների, կարող է տեղի ունենալ մեկից մինչև երեք ամսվա ընթացքում։