Սիրիայի նորընտիր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է, որ կձևավորի տարբեր համայնքներ ներկայացնող ներառական անցումային կառավարություն, որը կստեղծի ինստիտուտներ և կկառավարի երկիրը մինչև ընտրությունների անցկացումը:
Շարաան իր առաջին ելույթն է ունեցել նախագահի պաշտոնում:
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» զինված խմբավորումը, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական է ճանաչված, և որը գլխավորում էր նախկին նախագահ Ասադի տապալումը, այդ ժամանակվանից ձևավորել է ժամանակավոր կառավարություն:
Շարաան իր ելույթում հայտարարել է, որ կձևավորի ոչ մեծ օրենսդիր մարմին, որպեսզի խորհրդարանական վակուումը լցնի: Նա ասել է, որ առաջիկա օրերին կհայտարարի կոմիտեի ստեղծման մասին, որը կնախապատրաստվի ազգային երկխոսության խորհրդաժողովի անցկացմանը, որն էլ հարթակ կդառնա սիրիացիների կողմից ազգի ապագա քաղաքական ծրագրի քննարկման համար:
Նրա խոսքով՝ դրան կհաջորդի սահմանադրական հռչակագիրը», որն, ըստ էության, Սիրիայի նոր Սահմանադրության մշակման գործընթացը կդառնա:
Ավելի վաղ Շարաան հայտարարել էր, որ նոր Սահմանադրության մշակման և ընտրությունների անցկացման գործընթացը կարող է տևել մինչև չորս տարի: